Շուրջ 200 ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերելու համար կպահանջվի մոտ 560 միլիոն դրամ:
Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության, բռնարարին ու զոհին միմյանցից հեռու պահելու նպատակով կկիրառվեն էլեկտրոնային հսկողության միջոցներ, բռնարարի ու զոհի ոտքին կամ ձեռքին կամրացվեն համապատասխան սարքեր։ Օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Փոխնախարարը հիշեցրեց, որ գործող կարգավորումներով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց, այսինքն՝ զոհերի պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: Դրանցից մեկը անհետաձգելի միջամտության որոշումներն են, երկրորդը՝ պաշտպանության միջոց կիրառելու մասին որոշումները: Առաջինի դեպքում ոստիկանության ծառայողի կողմից համապատասխան որոշում է կայացվում, իսկ երկրորդ դեպքում պաշտպանության միջոցը կիրառվում է դատական կարգով:
«Նախագծով առաջարկվում է այս երկու խումբ որոշումների իրականացման տեսանկյունից օգտագործել նաև էլեկտրոնային հսկողության միջոցներ, որովհետև միջազգային պրակտիկան թույլ է տալիս նշել, որ հատկապես ընտանիքում բռնության զոհ դարձած անձանց դեպքում, եթե կիրառվել է անհետաձգելի միջամտության կամ պաշտպանության մասին որոշում, այս դեպքում շատ ավելի հեշտ է զոհի պաշտպանությունն իրականացնել էլեկտրոնային հսկողության միջոցների օգտագործմամբ: Սա պրակտիկորեն ենթադրում է, որ բռնարարի, նաև զոհի մոտ պետք է տեղադրվի էլեկտրոնային հսկողության սարք, որն իրար մոտենալու պարագայում կամ այլ խախտումներ կատարելու պարագայում ահազանգման համապատասխան հաղորդագրություն կուղարկի իրավասու մարմնին»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ այսպիսի փորձ բավականին արդյունավետ կերպով իրականացրել են Կանադան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Վրաստանը, Իսպանիան:
Շուրջ 200 ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերելու համար կպահանջվի մոտ 560 միլիոն դրամ:
Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են արբանյակային, կենսաչափական, ռադիոալիքային կամ այլ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ:
Էլեկտրոնային հսկողության սարքը չի կիրառվի հենց առաջին խախտման դեպքում: Դա կկիրառվի այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո 1 տարվա ընթացքում անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ: Այսինքն՝ խոսքը կրկնակի խախտման մասին է։
Ընտանիքում բռնության գործադրման հետ կապված 2022 թվականին ստացվել է 1547 հաղորդում:
– –