Վերաքննիչ դատարանը բեկանել է հօգուտ Խաչատուր Սուքիասյանի կայացած վճիռը

Արմեն Գեւորգյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է եւ ուղարկել առաջին ատյան նոր քննության։ Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը, հայց էր ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի՝ դատարանից պահանջելով, որ վերջինիս պարտավորեցնի՝ զրպարտություն համարվող հայտարարությունները հրապարակավ հերքել։ Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Գեւորգյանի հասցեին ասել էր․ «Լավ գիտեք՝ 2004-ի տուրուդմփոցը Բաղրամյան փողոցում ինչի համար եղավ, լավ գիտեք՝ 2016-ի ՊՊԾ գնդի պատմությունն ինչի եղավ, նորից խնդրում էին, ժամանակ էին ուզում, որպեսզի էդ փաստաթուղթը ստորագրեն մի քիչ ուշ, հիմա հարմար չի, ընտրություններ ա. էդ ընտրությունների քողարկման տակ ժամանակ էին շահում: Բայց էդ ընթացքում ի՞նչ էր լինում. հասարակությունն ունեզրկվում էր, մի քանի տասնյակ մարդիկ հարստանում էին, պարոն Գեւորգյան, Դուք կյանքում բիզնես արե՞լ եք, բիզնես չի արել, բայց մի հարյուր միլիոն դոլարի տեր ա: Մեկդ չի՞ հարցնում` որտեղի՞ց իրան դա, միայն կենտրոնում 57 սեփականության իրավունք ունի, ո՞վ ա էդ իրավունքը տվել»: Այս արտահայտությունների համար էլ Գեւորգյանը դիմել էր դատարան։

Սակայն դատարանն այս արտահայտությունները չէր համարել Գեւորգյանի նկատմամբ զրպարտություն՝ հիմնավորելով, որ Սուքիասյանը քննչական մարմնի տարածած հաղորդագրության հիման վրա դատողական-գնահատողական եզրահանգումներ է արել՝ չհասկանալով դրանց իրավական բովանդակությունը: Եվ իր որոշման մեջ գրել էր, որ Վճռաբեկ դատարանը հրահանգել է, որ «դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին պարզելու նպատակով, թե արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է՝ արատավորելու որեւէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները միաժամանակ դրսեւորելով բարեխիղճ մոտեցում»: Իհարկե, նման բարյացակամ մոտեցում դատարանները մյուսների, հատկապես՝ լրատվամիջոցների նկատմամբ չեն ունենում եւ չեն էլ փորձում խորանալ՝ որեւէ սխալ, չհաստատվող փաստ հրապարակելիս լրատվամիջոցը զրպարտելու միտում ունեցե՞լ է, թե՞ ոչ։

Սակայն Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել առաջին ատյանի դատարանի՝ դատավոր Սերգեյ Սահակյանի, այս դիրքորոշումը՝ նշելով, որ Խաչատուր Սուքիասյանը դատողական- գնահատողական եզրահանգումներ չի արել, քանի որ նա իր խոսքում հղում չի արել նախաքննական մարմինների հայտարարություններին։ Դատարանը նաեւ գտել է, որ նույնիսկ նախաքննական մարմինների այդ հաղորդագրությունները չէին կարող հիմք դառնալ Սուքիասյանի կողմից նման հայտարարություններ անելու համար։ Այս կապակցությամբ դատարանը հետեւյալ եզրահանգումն է արել․ «Նախ, Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքի մասին Խաչատուր Սուքիասյանն իր ելույթում ընդհանրապես չի հիշատակել կամ էլ չի նշել, որ այդ մեղադրանքի, դրա վերաբերյալ մամուլում եւ ՀՔԾ պաշտոնական կայքում տարածված տվյալների հիման վրա իր մոտ համոզմունք է ձեւավորվել առ այն, որ Արմեն Գեւորգյանը «100 միլիոն դոլարի տեր ա» եւ «միայն Կենտրոնում 57 հատ սեփականության իրավունք ունի»: Այսինքն՝ արտահայտությունների հեղինակը տվյալ պահին չի բացահայտել այն փաստական հիմքը, որն ինքը հաշվի է առել քննարկվող արտահայտությունները կատարելիս: Նման պայմաններում հասարակության միջին վիճակագրական անդամի մոտ չէր կարող ձեւավորվել այն օբյեկտիվ ընկալումը, որ դրանք զուտ պատասխանողի գնահատողական դատողություններն են, մինչդեռ քննարկվող պարագայում էական է նաեւ ունկնդրի օբյեկտիվ ընկալումը:

Բացի այդ, բացասական կարծիքը կամ գնահատողական դատողությունը պաշտպանված է այնքանով, որքանով հիմնված է հաստատված կամ ընդունված փաստի վրա, մինչդեռ ենթադրյալ հանցագործության կամ նախաքննությամբ առաջադրված մեղադրանքի առկայությունը չի կարող հաղթահարել այդ շեմը, նկատի ունենալով, որ այդ փուլում խոսքն ընդամենը հնարավոր հանցագործության կատարման մասին է եւ ոչ թե ընդունված փաստի: Ընդ որում, հարկ է նկատել, որ հիշյալ հայտարարությունը նաեւ վերոնշյալ հրապարակումների բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունը չէ»։

Արդյունքում Վերաքննիչ դատարանը՝ դատավորներ Անի Մխիթարյան, Սամվել Գրիգորյան եւ Նարեկ Գաբրիելյան կազմով, բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print