ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` ունի լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, բայց դա չպետք է Հայաստանի համար կապիտուլյացիայի նմանվող փաստաթուղթ լինի։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան։
«Դա պետք է մեր տարածաշրջանի համար իրական և հարատև խաղաղության փաստաթուղթ լինի, և ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը հանուն խաղաղության, կայունության, տարածաշրջանային և միջազգային համագործակցության։ Սա է այսօրվա մեր քննարկման իմ վերջնական եզրափակումը»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
Անդրադառնալով նաև Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների տեղակայմանըվարչապետն ընդգծել է, որ նրանք այժմ ինֆորմացիայի սեփական աղբյուր ունեն և կարող են հստակ հասկանալ, թե հրադադարի խախտման նախաձեռնողը որ կողմն է։ «Ակնկալում եմ, որպեսզի այն հստակ ցույց տա, որ որևէ պրովոկացիա
կստանա միջազգային հանրության շատ կոպիտ արձագանք, և շատ կարևոր է, որպեսզի պահպանվի կայունությունը։ Շեշտում եմ` կապ չունի Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից, քանի որ հիմա մենք տարածաշրջանում ունենք դիտորդներ, և այժմ կարիք չի լինի, որպեսզի ԵՄ-ն հարցնի, թե որ կողմն էր նախաձեռնողը»,– ասել է Փաշինյանը։
Վերջինս ևս մեկ անգամ նշել է, որ Հայաստանը միջազգային հանրության, տարածաշրջանի ազգերի աջակցության կարիքն ունի, և պատրաստ է կրել այդ պատասխանատվությունը, մինչև որ կհասնեն վերջնական և կայուն խաղաղության։
– –