Բրյուսովի համալսարանի ռեկտորի խորհրդականի պաշտոնավարումը կասեցվել է. Գործն ուղարկվել է դատարան

Համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում hամալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության հաղորդման առթիվ՝ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում համալսարանի վարչական շենքում կատարված ենթադրյալ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական գործը 2023 թվականի մարտի 1-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 9-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության վերաբերյալ հաղորդման առթիվ՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանություն) նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Վարույթով պարզվել էր, որ Գ.Թ.-ն (Գրիշա Թամրազյան), զբաղեցնելով Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդականի պաշտոնը, համալսարանի վարչական շենքում հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ բարձրաձայն հնչեցրել էր անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ:

2022 թվականի դեկտեմբերի 27-ին հսկող դատախազը քրեական հետապնդում էր հարուցել Գ.Թ.-ի նկատմամբ. Գ.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print