«Հաց բերողի» առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն տալու գործով 5 անձի է մեղադրանք առաջադրվել

«Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ մեղադրվողներից մեկը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանն է։

«Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի առողջական վիճակի և կալանքի հետ համատեղելիության առնչությամբ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու համար 5 անձի է մեղադրանք առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդագրության` Արթուր Սարգսյանի առողջական վիճակը գնահատելու համար կրկնակի դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի 3 փորձագետ, ինչպես նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան» պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը, նույն բժշկական կենտրոնի նյարդաբանական ծառայության ղեկավարը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Երևան քաղաքի գլխավոր ռևմատոլոգը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված հանձնաժողովի 6 անդամներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն կամ կեղծ կարծիք տալը կամ սխալ թարգմանություն կատարելը)։

Փորձագետներից մեկը ներկայացված մեղադրանքում իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել: «Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հիշյալ մեղադրյալի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ՀՀ քրեական oրենuգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատաuխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով դադարեցնելու մասին, որը բավարարվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քրեական վարույթով մեղադրյալներից երկուսի՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և երկրից բացակայելու արգելքը, իսկ հանձնաժողովի մյուս երեք անդամների նկատմամբ՝ երկրից բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը` 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

Նշենք, որ «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ մեղադրվողներից մեկը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանն է։ Փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիություն զրկելու միջնորդագրում նշել էր, որ նա քրեական գործի վերաբերյալ ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել, որն առանձնապես ծանր հետևանքներ է ունեցել գործով մեղադրյալի համար` առաջացնելով Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահը։ Վարդապետյանի խոսքով` պատգամավորը` որպես կրկնակի բժշկական հանձնաժողովի փորձագետ, Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել կալանավորմանը, սակայն կասկածյալի հիվանդությունը եղել է կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print