Նախարարի խոսքով այս պահին առկա է փոքր բռնկում, որը պետք է ճիշտ զսպել եւ թույլ չտալ հետագա տարածումը։
Հայաստանում կարմրուկի վերջին բռնկումը եղել է 2006-2007 թվականներին, որից հետո մեծ բռնկում չի գրանցվել, իսկ երկու տարի առաջ ընդամենը երկու- երեք դեպք է արձանագրվել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Այսօրվա դրությամբ կարմրուկի հաստատված 20 դեպք է արձանագրվել, որը նախարարի խոսքով այն իրավիճակը չէ, որպեսզի շփումների կամ բնակչության տեղաշարժերի սահմանափակում մտցնեն, դպրոցները փակեն։
Նախարարն ընդգծեց՝ պարզապես չպատվաստվածները պետք է պատվաստվեն, իսկ մինչեւ մեկ տարեկան երեխաների ծնողները պետք է խուսափեն փոքրիկին մարդաշատ միջոցառումների տանելուց։
«Այս պահին ունենք փոքր բռնկում, որը պետք է ճիշտ զսպենք եւ թույլ չտանք հետագա տարածումը։ Համաճարակի մասին այս պահին խոսք չի գնում, նման սցենարներ հորիզոնում դեռ չեն երեւում»,-ասաց նախարարը։
Ըստ նախարարի՝ դպրոցներում բուժքույրերը հսկողություն են իրականացնում, զննում երեխաներին։
Առաջիկա օրերին ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստման շարժական երկու կետ կբացվի։ Այն մեծահասակները, որոնք չեն հիշում, թե փոքր տարիքում պատվաստվել են, թե՞ ոչ, կարող են պատվաստվել, եւ ինչպես նախարարն ասաց, 2007-ին Հայաստանում իրականացվել է պատվաստման լայնածավալ արշավ եւ դրա շրջանակներում 27 տարեկանը լրացած քաղաքացիները պատվաստվել են։
ԿԿԽ պատվաստումը երկու դեղաչափով է, առաջին դեղաչափը ստանում են 1 տարեկանում, երկրորդը՝ 4-6, նախարարն ասաց, որ չորս տարեկանը լրանալուց հետո երեխաներին արդեն կարելի է պատվաստել․ «Երկու դեղաչափը ստանալուց հետո է կայուն իմունիտետ ձեռք բերվում։ Մանկապարտեզներում դուրս ենք բերում 1 եւ 4 տարեկան երեխաներին, ովքեր բաց են թողել պատվաստումներն, որպեսզի նրանց եւս պատվաստենք»։
Մեկ դեղաչափ ստացածների դեպքում վարակվելու հավանականություն կա, սակայն նրանք հիվանդացությունն ավելի թեթեւ են տանում։ «Բացառիկ դեպքեր կան, երբ պատվաստված անձը կարող է վարակվել կարմրուկով, դրանք այն դեպքերն են, երբ դիմադրողականությունն ընկճված է, հարակից հիվանդություններ են լինում»,-ասաց Ավանեսյանը։