Պաշտոնական Արցախը զարմանալիորեն լռեց կիրակի օրը տեղի ունեցած դիվերսիոն զարհուրելի միջադեպից հետո, համենայնդեպս, պատասխանատու կողմերին ուղղված հայտարարություններ հնչեցին միայն անհատների, բայց ոչ, դիցուք, Արցախի խորհրդարանի, ԱԳՆ-ի կամ նախագահականի կողմից։ Եթե նախագահականի լռությունը հասկանալի էր, քանի որ միջադեպից բառացիորեն մի քանի օր առաջ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումից հետո նախագահի խոսնակի շուրթերով հավաստիացնում էին, որ կառուցողական հանդիպում է տեղի ունեցել, որոնց արդյունքները շուտով իրենց զգացնել կտան։ Այդ առումով պաշտոնական մարմինները բավականին անհարմար իրավիճակում են հայտնվել, սակայն անհասկանալի է ընդդիմության լռությունը։
Հիշեցնենք․ Շուշիի մատույցների մոտ՝ «Խայփալու» կոչվող տեղանքում, որը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտին է, կիրակի օրը ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումների հետեւանքով 3 ոստիկան զոհվեց, մեկը ծանր վիրավորվել է։ Ստեփանակերտից հերթափոխի մեկնող ոստիկանական մեքենայի գնդակոծումը Ադրբեջանն արդարացրեց՝ իբր կանխել է զենք տեղափոխող մեքենան։ Չնայած երկու օր շարունակ Արցախի քաղաքացիական հանրությունը՝ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, կոչեր-հորդորներ էր հնչեցնում՝ պահանջելով բողոքի նոտա հղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած եւ իրավիճակի պատասխանատու 3 կողմերի դեմ։ Նաեւ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների դեմ բողոքի ակցիաներ նախաձեռնելու եւ խաղաղապահների ղեկավար Վոլկովի հրաժարականը պահանջելու մասին էին հայտարարություններ անում, իսկ քաղաքական դաշտում քար լռություն էր։
Տեղեկացանք, որ երեկ կեսօրին ԱՀ խորհրդարանում ընդդիմադիրները քննարկել են ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի իշխանություններին ուղղված հայտարարություն ընդունելու հարցը, սակայն, այնուամենայնիվ որոշել են սպասել իշխանությունների բացատրություններին, թե ինչու էին լավատեսական տրամադրություններ փոխանցում արցախցիներին։
Բացի այդ՝ որոշ ընդդիմադիրներ կարծիք են հայտնել, որ ինչպես Արայիկ Հարությունյանն է տեւական ժամանակ իրենց իգնոր արել, իրենք եւս համարժեք պատասխան պետք է տան՝ իրավիճակի ողջ պատասխանատվությունը թողնելով իշխանությունների վրա։
Բանն այն է, որ նրանք Արայիկ Հարությունյանին զգուշացրել էին՝ չընդառաջել ադրբեջանական կողմի պահանջներին եւ չգնալ բանակցությունների։ «Երբ 70 եւ ավելի օր Արցախի ժողովուրդը գիտակցված ու համբերատար դիմակայում է շրջափակմանը, գործող իշխանություններն իրավունք չունեն շեղվելու պայքարի ճանապարհից: Այս տրամաբանությանը հակառակ զարգացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը մնալու է օրվա իշխանությունների վրա: Ցանկացած բացթողում, սխալ որոշում եւ չհիմնավորված հաշվարկ, որը կարող է վնասել մեր ընդհանուր նպատակներին եւ ջլատել մեր ժողովրդի պայքարի ոգին, կարժանանա հանրային կոշտ հակազդեցության»,- հայտարարել էին ընդդիմադիր «Արդարություն», ԱԺԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները։
Կեսօրից հետո տեղեկացանք, որ Արցախի նախագահը հավաքել է ընդդիմադիրներին եւ ընդլայնված կազմով Անվտանգության խորհրդի նիստ անցկացրել։ Մեզ չհաջողվեց նիստից մանրամասներ իմանալ, միայն տեղեկացանք, որ խոսվել է այն մասին, որ Ադրբեջանը, ըստ էության, չի նահանջում Լաչինի ճանապարհին անցակետ տեղադրելու մտքից, եւ կիրակի օրվա քայլն էլ դրան էր ուղղված։ Բանն այն է, որ ճանապարհը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային կամ գաղտնի ճանապարհն է, ադրբեջանցիները փորձում են ցույց տալ, որ թույլ չեն տալու այդ ճանապարհի կառուցումը, քանի որ արցախցիներն իբրեւ թե զենք-զինամթերք են տեղափոխում, եւ հենց այդ պատճառով է, որ ուզում են անցակետ տեղադրել Լաչինի ճանապարհին։ Բացի այդ, նախագահն ասել է, որ այս ողբերգական պատահարը հետեւանքն է այն բանի, որ արցախյան կողմից բանակցողները մերժել են խոսել Ադրբեջանին ինտեգրացիայի թեմայով։ Տեղեկացանք նաեւ, որ Արցախի նախագահն ու ՊԲ-ն հրահանգել են ցանկացած նման ոտնձգության կոշտ պատասխան տալ եւ պատժիչ գործողություններ իրականացնել։
Մանրամասն` թերթի այսօրվա համարում