Բաղմանյանի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ բացակայելու արգելքը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բաղմանյանը պաշտոնավարման տարիների հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները․ «Մասնավորապես՝ 2018 թվականի հայտարարագրում նշել է, որ իր անվամբ շարժական գույքեր առկա չեն, դրամական միջոցներ չունի, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է 6.43 դրամ, մինչդեռ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ, վերջինիս անվամբ հաշվառված են եղել 102 մլն 665 հազար դրամով ձեռք բերված «MERCEDES-BENZ S500L 4MATIC», «MERCEDES-BENZ S450 4MATIC» և «VAZ 21011» մակնիշների ավտոմեքենաներ»։
Ըստ դատախազության, պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Բաղմանյանի բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 2 մլն 37 հազար 125 դրամին համարժեք գումար, այնուհետև հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 174 մլն 358 հազար 867 դրամով․ «2018 թվականից ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնին անցնելուց հետո ևս նա սխալ հայտարարագիր է ներկայացրել, մինչդեռ նրա անունով հաշվառված են եղել «MERCEDES-BENZ S450 4MATIC» և «VAZ 21011» մակնիշների ավտոմեքենաներ, բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 14 մլն 904 հազար 669 դրամ (հայտարարագրած գումարից 7 մլն 608 հազար 349 դրամով ավելի)»:
2018 թվականի ընթացքում նրա բանկային հաշվեհամարները համալրվել են շուրջ 28 մլն 747 հազար 168 դրամով, 2020 թվականին` շուրջ 20 մլն 579 հազար 945 դրամով, որոնցում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը։ Բաղմանյանը նաև թաքցրել է իր անունով հաշվառված ավտոմեքենաները։
«2021 թվականին մինչև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ, նրա բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 196 մլն 330 հազար 475 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Դատախազի որոշմամբ՝ 2023 թվականի մարտի 6-ին Բաղմանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 01.08.2003 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ), որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասին (հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը, որը հանգեցրել է գույքի և առանձնապես խոշոր չափերով եկամուտների չհայտարարագրմանը):
Բաղմանյանի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ բացակայելու արգելքը:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–