ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվության վերաբերյալ:
«Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթական հաղորդագրությունը, իբրև թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով և որ իբրև թե նույն ճանապարհով տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ անձնակազմի փոխադրում:
Պաշտոնապես շեշտում ենք, որ սույն տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է, չունի և չի կարող ունենալ որևէ փաստական հենք և աղերս իրականության հետ։
Նմանօրինակ «աղմկոտ բացահայտումներով» Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել՝
- Մարտի 5-ին իր զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական ակտից, որին զոհ են գնացել Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ ոստիկանության անձնագրային ծառայության երեք աշխատակիցներ, մեկ աշխատակից վիրավորվել է,
- Լաչինի միջանցքի առնչությամբ Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն իր կողմից չկատարելու և ի հեճուկս այդ որոշման՝ Լաչինի միջանցքը փակ պահելու փաստից,
- 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու փաստից:
Այս ակնհայտ փաստերից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանը որդեգրել է ապատեղեկատվության ու լարվածության աճի գործելակերպ՝ փորձելով կեղծ տեղեկատվական հիմքեր ստեղծել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ծավալելու համար: Ընդ որում, Ադրբեջանն այդ քաղաքականությունն «արդարացնելու» համար շարունակում է Արևմուտքում Հայաստանին որպես ծայրահեղ ռուսամետ, իսկ Ռուսաստանում՝ ծայրահեղ արևմտամետ ներկայացնելու իր քաղաքականությունը:
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ որևէ ռազմամթերք կամ ռազմական նշանակության ապրանք Լաչինի միջանցքով չի տեղափոխվել ինչպես մինչև դրա շրջափակումը, այնպես էլ 2022 թ. դեկտեմբերի 12-ից հետո։ Ավելին, վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետությունը բանակ չունի։ Այս տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու առաջարկը բազմիցս մերժվել է հենց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից:
Վերահաստատելով Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը՝ ևս մեկ անգամ ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության անհապաղ գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները»,- ասված է հայտարարության մեջ: