ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Օհանյանի դին հայտնաբերվել է անտառում ծառից կախված վիճակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«2023թ․ մարտի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը զինավանի հավաքակայանին հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին՝ ծառից կախված վիճակում»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ՝ ինչպես սպայական կազմից, այնպես էլ համածառայակիցներ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր միջոցառումները կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
— —