ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն` զինծառայողների մահը վրա է հասել ածխածնի մոնօքսիդից (շմոլ գազ) և այրվածքային շոկից։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գեղարքունիքի զորամասի կացարանում բռնկված հրդեհի զոհ դարձած զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
«Փորձաքննության ենթարկված 8 զինծառայողների օրգանիզմում թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել»,–գրել է նա։
Նորիկյանը նաև նշել է, որ զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից և եզրակացությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հնարավորինս սեղմ ժամկետում հանդես կգա հայտարարությամբ ու կներկայացնի տուժող կողմի դիրքորոշումներն ու անելիքները։
– –