Ժաննա Անդրեասյանը Կապանում այցելել է ողբերգական ավտովթարից տուժածներին

ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Կապան՝ այցելելու նախօրեին ողբերգական ավտովթարից տուժած դպրոցականներին և ուսուցիչներին։

Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած կարճատև խորհրդակցության ընթացքում նախարարին ներկայացվել է իրավիճակը։ Այնուհետև նախարար Ժաննա Անդրեասյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն են ստանում վթարից տուժածները։

Նախարարն ու մարզպետը զրուցել են նրանց հետ, մաղթել շուտափույթ ապաքինում։

«Սյունիքի մարզում նախօրեին տեղի ունեցած ավտովթարն իսկապես ողբերգություն է։ Պետք է կատարվի վերլուծություն, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել։ Իրավապահ մարմիններն, իհրակե, իրենց գործն անում են, քննությունն ընթացքի մեջ է, բայց ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես կրթության ոլորտի լիազոր մարմին, պետք է հատուկ վերլուծություն իրականացնի, թե երեխաների տեղափոխման գործընթացն ընդհանրապես ինչպես է կազմակերպվում։ Մեր ուշադրությունն ու զգոնությունը պետք է բազմապատիկ մեծ լինի, երբ գործ ունենք երեխաների անվտանգության հետ: Համապատասխան չափորոշիչերն ու պահանջները պետք է շատ հստակ լինեն։ Վերահսկողության մեխանիզմները նույնպես կարգավորված և խիստ պետք է լինեն, երբ խոսում ենք երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոցների մասին»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ պետք է գործեն միասնական ստանդարտներ, անկախ նրանից, թե երեխաների տեղափոխումը որ կազմակերպության կողմից է իրականացվում։ Տվյալ դեպքում վթարված ավտոբուսի ծառայությունը պատվիրակված է եղել մասնավոր կազմակերպության կողմից, սակայն, ըստ նախարարի, դա խնդրի կարգավորման հետ որևէ կապ չունի. որակի միասնական չափորոշչի սահմանմամբ բոլորի համար ընդհանրական պահանջներ կլինեն։

«ԿԳՄՍ նախարարությունը իրականացնում է տեղեկատվության հավաքագրում բոլոր այն դպրոցներից, որտեղ տրանսպորտային տեղափոխման ծառայություն է կազմակերպվում։ Ընդ որում այս խնդիրը վերաբերում է ոչ միայն դպրոց հաճախելիությանը, այլ նաև էքսկուրսիաների կազմակերպման ժամանակ օգտագորվող փոխադրամիջոցներին»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած դպրոցականներին և ուսուցիչներին աջակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունն անընդհատ կապի մեջ է մարզպետարանի հետ։

«Շատ ցավալի է, որ պատահարի հետևանքով ուսուցչուհի է զոհվել․ ցավակցություն և զորակցություն եմ հայտնում հարազատներին։ Կատարվածը ողբերգություն է թե՛ դպրոցի, թե՛ աշակերտների, թե՛ մեզ համար»,- նշել է նախարարը։

Նշենք, որ երեխաներից շատերն արդեն դուրս են գրվել, մյուսների վիճակը գնահատվում է բավարար, ուսուցչուհիներից մեկը, որի վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվել է մայրաքաղաքի բուժհաստություններից մեկը, մյուսների վիճակը կայուն է, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Նախարարը նշել է, որ մարզպետարանի հետ քննարկվել են տուժած երեխաներին և ուսուցիչներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև հետագա ուսումնական գործընթացի կամակերպման հարցերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print