Պահանջում ենք ՀՀ իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Արցախի ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը

Համոզված ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը, որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, մասնավորապես, այդպիսի լիազորությամբ օժտված Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ:

Մի քանի օրից կլրանա Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների տարածած համատեղ հայտարարության մեջ։

«Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարությունն ուժի սպառնալիքով և կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը:

Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրության մեջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկային միջոցներից և ահաբեկչական գործողություններից: Բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, խաղաղ բնակչության ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, իսկ վերջերս էլ՝ մարտի 5-ին, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկաններին գնդակահարելու փաստը գալիս են ապացուցելու, որ նման պայմաններում անընդունելի են ուղիղ երկխոսության մասին խոսակցությունները:

Միևնույն ժամանակ, համոզված ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը, որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, մասնավորապես, այդպիսի լիազորությամբ օժտված Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քարոզչական տարբեր հնարքներով ապատեղեկացնում է սեփական հանրությանն ու միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդի դեմ կիրառվող հումանիտար ճնշումների և ահաբեկումների պայմաններում պատրանք ստեղծել «խաղաղության դարաշրջանի» մասին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները վերահաստատում են իրենց հավատարմությունը մեր ժողովրդի կամքն արտահայտող հիմնարար փաստաթղթերին և շարունակելու են առաջնորդվել դրանցից բխող գաղափարներով և սկզբունքներով:

«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն», – ասված է հայտարարության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print