«Ամսի 20-ից 24-ը, այս պահի դրությամբ որոշել ենք իրականացնել հեռավար կրթություն»։
Օխտարի միջնակարգ դպրոցը լրացուցիչ 5-օրյա արձակուրդ կունենա. որոշումը կայացվել է նախարարարության և մարզպետարանի համատեղ քննարկումների արդյունքում։
Մարտի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո դպրոցի աշակերտների ու մանկավարժների մի մասը շարունակում է բուժում ստանալ Կապանի բժշկական կենտրոնում։
Մյուսները դուրս են գրվել, բայց դպրոց առայժմ չեն գնա։
Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը տեղեկացնում է, որ Օխտարի միջնակարգ դպրոցում լրացուցիչ ուսումնական արձակուրդ է ձևակերպվել՝ ամսի 13-ից մինչև 17-ը ներառյալ․ «Ամսի 20-ից 24-ը, այս պահի դրությամբ որոշել ենք իրականացնել հեռավար կրթություն։ Կխնդրենք նաև մենթոր ուսուցիչներին պարապելու այն մանկավարժների դասաժամերը, որոնք բուժման մեջ են։ Իսկ ամսի 27-ից մինչև ապրիլի 2-ը գարնանային արձակուրդներ են։ Հույս ունեմ, ուսուցիչներն ու աշակերտներն այդ ընթացքում կազդուրված կլինեն»։
Հիշեցնենք՝ դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը ձորն էր ընկել 5 մետր բարձրությունից։ Ողբերգական վթարի հետևանքով մահացել էր դպրոցի ուսուցիչ Թամարա Դավթյանը։ Վթարից հետո Կապանի բժշկական կենտրոն տեղափոխվածների մի մասն արդեն դուրս է գրվել, բայց շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ Այս պահին 7 երեխա, 4 ուսուցիչ և ավտոբուսի վարորդն են ստացիոնար բուժում ստանում, մեկ հոգի տեղափոխվել է Երեւան։
–