Շինության՝ ներկայում չգնահատվող առանձին հարթակներն ու հենապատերը նույնպես կընդգրկվեն հարկման բազայում. նախագիծ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կադաստրի կոմիտեն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում:

Ներկայում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և դրանց բարելավումների (բացառությամբ հողամասերի բարելավումներ համարվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման ժամանակ շինության մաս կազմող՝ հարթակները, բաց պատշգամբները, ծածկերը, արտաքին աստիճանահարթակներն ու աստիճանավանդակները, հարթ տանիքները գնահատվում են համապատասխան հարկում գտնվող տվյալ շինության գնահատման կարգով և արժեքի ձևավորման ժամանակ դրանց նկատմամբ կիրառվում են տվյալ շինության համապատասխան գնագոյացման գործոնների մեծությունների գործակիցները, իսկ շինության մաս չկազմող հարթակների ու հենապատերի գնահատություն չի կատարվում։

Դրանք տարբերվում են հիմնական շինության արժեքից, ուստի անհրաժեշտ է դրանց տարբերակված գնահատություն, իսկ ներկայում չգնահատվող առանձին հարթակներն ու հենապատերը գնահատել և նույնպես ընդգրկել հարկման բազա։ Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված է բազմաբնակարան բնակելի շենքերի և դրանցում տեղակայված բնակարանների, ոչ բնակելի տարածքների, հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների գնահատման կարգը, որի 2-րդ կետի 1-ին ենթակետով բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նյութի տեսակներ են սահմանված հիմնակմախքային, քարե, խոշորապանել և խոշորաբլոկ նյութի տեսակները։ Ներկայում առկա են 1940-1950ական թթ. կառուցված փայտե սակավաբնակարան բնակելի շենքեր, ինչպես նաև կարգով սահմանված շինության նյութի տեսակներից տարբերվող այլ նյութերով կառուցված շենքեր, ուստի անհրաժեշտ է կարգում ամբողջականացնել շինությունների կառուցման նյութի տեսակները և ցանկում ավելացնել «այլ նյութերից» կետը։

Փոփոխություններ են սահմանված նաև պետության և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, բացառությամբ վերամշակող օբյեկտների, կառուցման և սպասարկման համար հատկացված հողերի օտարման մասով: Այսպիսով՝ նախագծի ընդունմամբ շինության մաս կազմող հարթակները, բաց պատշգամբները, ծածկերը, արտաքին աստիճանահարթակներն ու աստիճանավանդակները, հարթ տանիքները կգնահատվեն ծածկերի, շվաքարանների գնահատման կարգով և հարկման բազայում դրանք կընդգրկվեն համապատասխան շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքներով, կիրականացվի նաև առանձին հարթակների և հենապատերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատություն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print