2023թ․-ի հունվարի վիճակագրական տվյալները փաստում են, որ հանքարդյունաբերության ոլորտում արտադրանքի անկում է արձանագրվել․ պղնձի, ցինկի, մոլիբդենի խտանյութերի արտադրությունները նվազել են։ 2023թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 21,651.3 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 22.2%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 2.7%-ով և կազմել 954.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 8.4%-ով և կազմել 1,743.8 տոննա։ Իսկ ոլորտի արտադրանքի նվազման պատճառները մասնագիտական դաշտում տարբեր են մեկնաբանում։
Հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը Տնտեսական լրագրողների ակումբի հարցմանն ի պատասխան նշում է, որ հանքարդյունաբերության մեջ մեկ ամիսը շատ կարճ շրջան է վիճակագրական եզրակացություն անելու համար։ Դինամիկան պետք է նայել տարվա կտրվածքով։ Այդուհանդերձ, Ջհանյանը ենթադրում է, որ նախորդ տարվա հունվարի ավելի բարձր ցուցանիշը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ոլորտի ձեռնարկություններից մեկը՝ Թեղուտը, անցյալ տարվա հունվարին դեռեւս արտադրանք էր տալիս։
Նրա մեկնաբանմամբ, հանքարդյունաբերությունը խիստ ցիկլայնություն ունեցող ոլորտ է։ «Կախված բազմաթիվ հանգամանքներից՝ արտադրական, լոգիստիկ, նույնիսկ եղանակային պայմաններից ամսեամիս կարող է լինել արտադրողականության, հետեւաբար նաեւ շահութաբերության տատանում։ Նաեւ, հենց այս պատճառով է, որ մենք, ոլորտի մասնակիցներս, պնդում ենք, որ ոլորտի շահութաբերությունը տատանվող է, եւ իրականում երբեք երկարաժամկետ կտրվածքում շատ բարձր չէ»։
Վերը նշված հանգամանքներից ելնելով՝ մասնագետների համոզմամբ, բոլոր օրենքներն ու որոշումները պետք է ընդունվեն այդ տեսանկյունից՝ հաշվի առնելով ոլորտի վրա ազդող բազմաթիվ հանգամանքներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ արտադրողականության, շահութաբերության վրա, անհրաժեշտ է կայացվեն այնպիսի որոշումներ, որոնք կմեղմեն բացասական ազդեցությունները կամ առնվազն չեն խորացնի դրանք։
2022–ին դրամի մոտ 20 տոկոս արժևորում, ռուս–ուկրաինական պատերազմ, խնդիրներ հանքարդյունաբերական հսկա համարվող Թեղուտում, և այլն։ Տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանը ejc.am-ի թղթակցի հետ զրույցում հիմնականում այս գործոններով է պայմանավորում հունվարին ոլորտում ստեղծված իրավիճակը։
«Ռուս–ուկրաինական պատերազմով ու ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները, VTB բանկում առաջացած խնդիրներն իրենց ուղիղ ազդեցությունն են թողել Թեղուտ ընկերության արտադրանքի վրա։ Սա նախ դրսևորվեց անցյալ տարի վճարած հարկերի ծավալի նվազմամբ»,-ասում է տնտեսագետը։
Տնտեսագետն արձանագրում է՝ 2022–ին սկսված միտումները շարունակվում են նաև այս տարի։ Արդեն հաջորդ տարի Հայաստանի ՀՆԱ–ում էական կշիռ ունեցող ոլորտում ակնկալվում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն էական ազդեցություն կունենա։ Գնահատված է, որ Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա 1 տոկոսով։