Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի նոր առաջարկները։ Այսպիսով, թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կքննարկի ու կներկայացնի իր դիտարկումները. «Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրության ուշադրությունը պետք է հրավիրեմ այն փաստի վրա, որ, ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022թթ․ ագրեսիայի արդյունքում բռնազավթած ՀՀ ինքնիշխան տարածքները»։