Անելու ենք ամենը, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն․ Ժաննա Անդրեասյանը՝ Օխտարի ողբերգական դեպքի մասին

Այդ ծառայությունը չի կազմակերպվել կրթական լիազոր մարմնի կամ մարզպետարանի կողմից, դա տեղում գործող կոորդինատի նախաձեռնությունն է, մասնավոր կազմակերպության, որը տրանսպորտային ծառայություններ է մատուցում շրջակա գյուղերի երեխաների դպրոց հաճախելու համար։ Անդրադառնալով Սյունիքի մարզի Օխտարի դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին տեղափոխող ավտոբուսի ողբերգական վթարին՝ այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն։

«Բնականաբար, դա մնում է մեր պատասխանատվության շրջանակում, խորապես ցավում եմ։ Մենք հիմա անում ենք ամբողջական վերլուծություն՝ հասկանալու տրանսպորտային ծառայությունների ամբողջական պատկերը, թե ինչպես են կազմակերպվում դպրոցներում՝ անկախ նրանից, թե ում նախաձեռնությամբ է։ Հավաքագրում ենք ամբողջական տեղեկատվություն եւ պետք է չափանիշները հստակեցնենք։ Օրինակ՝ պետք է մեքենան կցված լինի կոնկրետ վարորդին, պետք է լինեն ավելի հստակ մեխանիզմներ, բուժզննության, տեխզննության մասին։ Անելու ենք ամենը, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»,-ասաց Անդրեասյանը։

Հարցին՝ ինչու ավելի շուտ դա չէին անում, որպեսզի նման դեպքը կանխվեր, նախարարը պատասխանեց․ «Որպեսզի ձեզ համար պարզ լինի՝ մենք ամեն օր պետական բյուջեի միջոցներով ապահովում ենք ավելի քան 3000 երեխաների եւ ավելի քան 1500 ուսուցիչների տրանսպորտային ծառայություններ։ Ունենք հստակ կարգավորումներ սրանց մասին»։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print