Ովքեր կարող են ընդունվել Պոլիտեխնիկական համալսարանի նոր հիմնական դպրոց

Պոլիտեխնիկական համալսարանում կրթությունը սկսվում է նախակրթարանից, շարունակվում ավագ դպրոց, քոլեջ, այնուհետև բարձրագույն կրթություն՝ երեք մակարդակներով, հայտնում է Հանրային ռադիո-ն։

Այսօր արդեն համալսարանը հիմնադրում է իր հիմնական դպրոցը։ Նախագիծը հաստատվել է ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստում:

Դպրոցը գործելու է բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ՝ 1-9 դասարանների աշակերտների համար: Այն հագեցած կլինի միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից լաբորատորիաներով, դասասենյակներով, սպորտային համալիրով և մրցունակ կրթության համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներով:

«1933 թվականին Պոլիտեխնիկական համալսարանը հիմնադրվել է, որպես բարձրագույն ուսումնական հաստատություն։ Կրթության գործընթացների և ժամանակների ընթացքում, ըստ մարտահրավերների, հիմնել է համապատասխան կրթական այլ կառույցներ։ Կրթության շարունակականության գործընթացում պոլիտեխնիկական համալսարանում հիմնական դպրոցի բացը կրթության շարունակականության ընթացքը չէր ապահովում։ Բացի դրանից, հիմնական դպրոցի անհրաժեշտությունը առաջացավ մի պարզ պատճառով՝ մեր ավագ դպրոցում կամ քոլեջում կրթության ընթացքում նկատում էինք բացեր։ Մենք վտահ ենք, որ հիմնական դպրոցի աշակերտական համակազմը ունակ կլինի թե՛ ավագ դպրոցում հաջող քայլեր իրականացնելու, և թե՛ բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ արդեն որպես մասնագետներ ձևավորվելու»,– ասում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Գոռ Վարդանյանը։

«Մեր նպատակն է խթանել գիտության, ինժեներության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մաթեմատիկայի ուղղությամբ կրթությանը և սրա հիման վրա մենք ստեղծում ենք մի դպրոց, որը հնարավորություն կտա ձևավորել համակողմանի և բազմակողմանի զարգացած, ազգային արժեքներ կրող, դրանցով առաջնորդվող քաղաքացիներ։ Պոլիտեխնիակական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից ընտրել ենք ուսուցիչներ, ովքեր վերապատրաստում և ատեստավորում անցնելուց հետո պետք է դասավանդեն Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրում», – ասում է ՀԱՊՀ մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը։

«Մենք վստահ ենք, որ կրթությունը այն ճանապարհն է, որը կփոխի աշխարհը դեպի ավելի լավը և պատրաստվում ենք կերտել այն երիտասարդներին, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում կլինեն սովորող, հետազոտող։ Իսկ Միջազգային բակալավրիատի 1968 թվականին ստեղծված «Դիպլոմա» ծրագիրը այժմ ունի ավելի քան 5000 դպրոցներ, որոնց շրջանավարտները «կանաչ լույս» են ստանում միջազգային կրթության ասպարեզում» ,– ասում է ՀԱՊՀ միջազգայնացման և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Լիդա Աղաջանյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print