Մարտի 15-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր տեղական արտադրության 10 ընկերության կաթնաշոռների փորձաքննության արդյունքները։ Փորձաքննությամբ պարզվել էր, որ 10 նմուշից միայն 2-ն են համապատասխանել սահմանված նորմերին։
Փորձաքննության էր ներկայացվել նաև «Մարիլա» ընկերության կաթնաշոռը։ Ընկերությունն արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը. պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի սպառողներ,
Ի պատասխան Հետք լրատվական կայքի՝ ս․թ․ մարտի 15-ին հրապարակված փորձաքննության արդյունքների, նախ ցանկանում ենք շեշտել, որ շատ կարևոր և գնահատելի աշխատանք է կատարվել «Հետք» լրատվական կայքի կողմից։
Որևէ կասկած չենք հայտնում անաչառության և անկողմնակալության առումով։ 2023թ. մարտի 2-ին փորձաքննության էր ներկայացվել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։ Սյունիքի մարզի սահմանամերձ Կապան քաղաքում արտադրվող «Մարիլա» ընկերության կաթնաշոռը ներկայացվել էր 8-րդ համարի տակ։
Արձանագրվել էին հետևյալ թերությունները․ «Մարիլա» – ն ունի մակնշման խախտում, քանի որ ապրանքնատեսակի անունը միայն անգլերեն է՝ պահանջված ռուսերեն և հայերենի փոխարեն, ինչը ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգի խախտում է։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Մարիլա» կաթնաշոռում հայտնաբերվել է թույլատրելիից 5 անգամ ավելի խմորասնկեր՝ 500 ԳԱՄ/գ։ Բացի այդ, կաթնաթթվային մանրէների թիվը սահմանված և մակնշված 10^7 աստիճանից քիչ է՝ 10^4 ԳԱՄ է։
«Մարիլա» ընկերությունը, լինելով Սյունիքի մարզի առաջատար արտադրող, իր հիմնադրման առաջին իսկ օրվանից ունի Եվրոպական սարքավորումներով հագեցած լաբորատորիա, որտեղ 2010թ․-ից մինչ օրս ամենօրյա մանրակրկիտ զննման է ենթարկվում սեփական ֆերմայի անարատ կաթից պատրաստվող կաթնամթերքը, որն, ի դեպ, առանց հավելումների և հակաբիոտիկների է և արտադրամաս է հասնում փակ շղթայի սկզբունքով։ Այդուհանդերձ պատրաստի արտադրանքում որևէ խախտում հայտնաբերելու դեպքում՝ տվյալ խմբաքանակը խոտանվում է և ամբողջությամբ ոչնչացվում է։
Վաճառակետերից հետ վերադարձված արտադրանքները ևս ոչնչացվում են, հետագա վերամշակման չեն ենթարկվում։ Մեր նպատակն է սպառողներին մատուցել բացառապես թարմ և որակյալ արտադրանք։
Ընկերությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, այն է՝ խստապահանջություն և ազնվություն, իր հերթին ևս կաթնաշոռի փորձանմուշ է ուղարկել պետական հավատարմագրում ունեցող այլ լաբորատորիա։ Սակայն, ոչ թե որևէ վաճառակետի դարակաշարից վերցված նմուշ, այլ գործարանի արտադրամասից վերցված կաթնաշոռի նմուշ, որն սկզբունքորեն շատ կարևոր հանգամանք է։ Պատասխանը ստանալուն պես, կհրապարակենք արդյունքները։
Ազնվության և թափանցիկության վառ ապացույցներից մեկն էլ տարբեր հայկական և միջազգային կազմակերպությունների կամ խմբերի պարբերական ճանաչողական շրջայցերն են «Մարիլա» ընկերության գործարան, որն էլ իր հերթին ավելի է ամրապնդել մեր սպառողների վստահությունը «Մարիլա» ապրանքանիշի նկատմամբ։ Ինչ վերաբերում է մակնշման խախտմանը, ցանկանում ենք տեղեկացնել, որ «մեղադրանքը» տեղին չէ։
Կաթնաշոռի պիտակը երկլեզու է (հայերեն և ռուսերեն) և համապատասխանում է օրենքի պահանջներին։ Իսկ Marila լատինատառ գրվածքը Խուստուփ լեռան պատկերով՝ տվյալ դեպքում օգտագործվել է որպես մեկ ամբողջական էլեմենտ և հանդիսանում է գրանցված ապրանքանիշ (լոգոտիպ)։ Այսինքն՝ դա համարվում է գրաֆիկական պատկեր, այլ ոչ թե ապրանքատեսակի անվանում։
Հետևաբար ապրանքի մակնշման հետ կապված ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգի խախտում չի կարող համարվել։ Վստահ ենք, որ արձանագրված մյուս երկու խախտումները՝ խմորասնկերի ու կաթնաթթվային մանրէների տարբերությունը նշվածի նկատմամբ, նույնպես պահպանման կամ տեղափոխման շղթայում առաջացած խախտումների արդյունք են, որը մեր վերահսկողության տիրույթում չէ։
Չնայած ամենաչնչին հնարավորության պարագայում գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այդ օղակներում նույնպես խստորեն պահպանվեն բոլոր ահրաժեշտ պայմանները։ Իսկ դրանք չպահպանելու համար «Մարիլա» ընկերությունը չի կարող պատասխանատվություն կրել։ Շարունակեք հետևել մեր էջին և տեղեկանալ բոլոր նորույթներին ու հաճելի լուրերին։ Մաղթում ենք Ձեզ հաճելի հանգստյան օրեր և բարձր տրամադրություն»։