Սյունիքում և Անիում գրանցված ուժերից որևէ մեկն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել

Նախընտրական քարոզարշավն ավարտվում է մարտի 24-ին, իսկ ընտրությունները նշանակված են մարտի 26-ին։

Սիսիան և Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել։ Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 16-ն էր, հայտնում են ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից։

Այսպիսով, Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները, ինչպես նաև ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուների գույքի ու եկամուտների մասին հայտարարագրերը հրապարակված են ԿԸՀ պաշտոնական կայքում՝ Elections.am: Նախընտրական քարոզարշավն ավարտվում է մարտի 24-ին։

Ընտրությունները նշանակված են մարտի 26-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print