Իրավիճակը վատթարացել է վերջին ամիսների ընթացքում, ստացել ենք բազմաթիվ բողոքներ թե՛ քաղաքացիներից, թե՛ պաշտոնյաներից։
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին հարց ուղղեցին դեսպանատներում Շենգեն վիզայի տրամադրման գործընթացի մասին:
«Շատացել են բողոքները և՛ օր ամրագրելու հնարավորության հետ կապված, և՛ վիզա ստանալու պրոցեսի հետ կապված որոշ դժվարությունների առնչությամբ: Դիմումատուների թվի աճի, դեսպանատների կարողությունների ոչ բավարար լինելու հետ կապված խնդիրներ կան: Բայց նաև, ինչքան հասկացա, խնդիր կա, որ տուրիստական գործակալությունները կարողանում են օրերն ամրագրել, հետո հայտն անվանափոխել և վաճառել»,- ասաց հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
ԱԳ նախարարի տեղակալն էլ պատասխանեց, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է:
«Իրավիճակը վատթարացել է վերջին ամիսների ընթացքում, ստացել ենք բազմաթիվ բողոքներ թե՛ քաղաքացիներից, թե՛ պաշտոնյաներից: Երկու ուղղությամբ ենք աշխատում: Հաջորդ շաբաթ պետք է հրավիրենք մի շարք գործընկերների, որպեսզի ունենանք քննարկումներ: Ավելի ակտիվացնելու ենք վիզայի ազատականացման գործընթացը ԵՄ-ի հետ: Պետք է նշեմ, որ որոշ դեսպանությունների հետ որոշակի բարելավումներ տեղի ունեցել են: Նաև հրավիրել ենք տուրիզմի կոմիտեի ներկայացուցիչներին, քանի որ մեծ վնաս է հասցվում մեր տուրիզմին»,- ասաց Պարույր Հովհաննիսյանը:
–