«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, չնայած Հատիս լեռան վրա ընթացող հնագիտական պեղումներին, Հիսուս Քրիստոսի արձանի 12 մետրն արդեն կառուցել է։ Գործարար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հիմնադրամը չի պատրաստվում հրաժարվել այդ արձանը տեղադրելու մտքից։
Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքված հուշագրի շրջանակում հիմնադրամը սեփական միջոցների հաշվին Հատիս լեռան վրա իրականացնելու է նոր հայտնաբերված ամրոցի հնագիտական պեղումներ, ինչպես նաև ամրակայման և վերականգնման աշխատանքներ։
Ըստ Տոնոյանի՝ միայն այդ աշխատանքներից հետո հնարավոր կլինի անդրադառնալ այլ տեխնիկական մանրամասների։ Այնուամենայնիվ, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը չի ցանկանում հրաժարվել իր գաղափարից։
«Այս փուլում Հատիս լեռան վրա տեղի են ունենում հնագիտական աշխատանքներ, որի ֆինանսավորումը հիմնադրամն է իրականացնում։ Այդ աշխատանքների ավարտից հետո մենք կկարողանանք խոսել հետագա քայլերի մասին։ Ցանկացած քայլ արվելու է բացառապես օրենքի շրջանակում»,– նշեց նա։
Հարցին՝ արդյոք մտավախություններ չկան, որ առհասարակ թույլ չեն տա տեղադրել Հիսուս Քրիստոսի արձանը, Տոնոյանը պատասխանեց հակված չէ առաջնորդվել որևէ մտավախությամբ կամ մտահոգությամբ։
Հիշեցնենք գործարար Գագիկ Ծառուկյանը 2022 թվականի հունվարի 14-ին հայտարարել էր Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին։