Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է Ադրբեջանի դեմ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։
Նրա խոսքով՝ այդ որոշմանը չպետք է վերաբերել որպես լոկալ, ներպետական դատարանի որոշման. «Բոլորիս համար ցանկալի արդյունք կլիներ, որ միանգամից կատարվեր որոշումը, միջանցքը բացվեր, բայց, ցավոք, մենք գործ ունենք մի երկրի հետ, որն ամեն ինչ անում է՝ խուսափելու միջազգային իրավական պրոցեսներից և շարունակելու ագրեսիվ քաղաքականությունը։ Որոշումն ունի բավական մեծ քաղաքական կշիռ․ այն այդ տրամաբանությամբ պետք է ընկալել։ Նաև, կարծում եմ, քաղաքական աշխատանքի համար մեծ դաշտ է բացվում»։
Կիրակոսյանն ասել է, թե պետք է զինվել մեծ համբերությամբ. «Չլինեն շատ բարձր սպասումներ, հետո արագ հիասթափվենք ու ասենք՝ ոչինչ չկա։ Պետք է ռեալ հասկանալ, որ ունենք լավ որոշում, իրավական հիմնավորված որոշում»։
Ըստ Կիրակոսյանի՝ արդարադատության դատարանի որոշման մեջ չկա կատարման հստակ ֆիքսված ժամկետ, և դա նշանակում է, որ պետք է որոշումը կատարվի անհապաղ։