Գործընթաց կա, և այն տեղում կանգնած չէ, հետևաբար այն փակուղի անվանելը սխալ է։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին։
ԱԺ նախագահը նշել է նաև, որ Ադրբեջանի հետ բանակցություններն ընթանում են տարբեր խողովակներով.«Տարբեր խողովակներով տարբեր հարցեր են քննարկվում։ Ինչ-որ հարցեր կան, որ Արցախի իշխանություններն են մասնակցում և խոսում։ Դրանք, մասնավորապես, ԼՂ-ին վերաբերող հարցերն են։ Պայմանագրերի առաջարկները փոխանակվում են տարբեր խողովակներով։ Հիմնական ճանապարհը ռուսական կողմի միջոցով փոխանակումն է»,- ասել է նա՝ շեշտելով, որ հիմնական դերակատարը շարունակում է մնալ ՌԴ-ն, սակայն նաև կան նախաձեռնություններ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից։
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունների խղճին են թողնում ԼՂ ճակատագիրը երրորդ երկրների պատասխանատվությանը թողնելու փորձերը, նա նշել է. «Ռուսական առաջարկները, որ մինչ օրս եղել են, մեր կողմից ընդունվել են, և խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնության մեջ։ Կարծում եմ՝ ՌԴ ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի ադրբեջանական կողմի արձագանքին, որովհետև ՀՀ-ն մշտապես՝ 99%դեպքերում, ռուսական առաջարկներին իր համաձայնությունը տվել է։ Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին»։
Ալեն Սիմոնյանը հիշեցրել է նաև, որ Ադրբեջանը մինչև հիմա չի հաստատել ռուս խաղաղապահների մանդատը։
Խոսելով հնարավոր ռազմական ագրեսիան կանխելու հնարավորության մասին՝ Ալեն Սիմոնյանը նշել է. «Անկախ ամեն ինչից՝ ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է ՀՀ պաշտպանողականությունը բարձրացնելու գործով։ Եթե անգամ ամենալավատեսական բանակցությունները լինեն, մենք զբաղվել, զբաղվում ու զբաղվելու ենք երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու գործով»։