Պետք է հրաժարվել ամեն քայլափոխի պետական բյուջեն ծանրաբեռնելու մոտեցումից․ Արցախի պետնախարար

Ամեն ծրագիր կամ գործընթաց քննարկելիս ի հայտ են բերվում պետության կողմից անարդյունավետ կամ ոչ անհրաժեշտ սուբսիդավորման դեպքեր, փոխառություններ, ֆինանսավորումներ եւ այլն:

Արցախի Հանրապետության պետնախարար Գորգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պետք է հրաժարվել ամեն քայլափոխի պետական բյուջեն ծանրաբեռնելու մոտեցումից եւ պետական ծրագրերը կառուցելիս պետական միջոցները դիտարկել բացառապես որպես խթանիչ, օժանդակող գործիք։

«Արդեն քսան օր է, ինչ զբաղեցնում եմ Արցախի պետական նախարարի պաշտոնը: Այս ընթացքում բավականին մեծ աշխատանք ու ժամանակ է տրամադրվում Արցախի շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ հետեւանքները մեղմելու գործին: Այդ ամենին զուգահեռ փորձ է արվում իրագործել նաեւ այն կարճաժամկետ ծրագրերը, որոնք անհրաժեշտ են երկրի բնականոն կյանքը վերականգնելու եւ նվազագույն պայմաններն ապահովելու համար:

Ամեն ծրագիր կամ գործընթաց քննարկելիս ի հայտ են բերվում պետության կողմից անարդյունավետ կամ ոչ անհրաժեշտ սուբսիդավորման դեպքեր, փոխառություններ, ֆինանսավորումներ եւ այլն: Իմ կողմից գրեթե ամեն օր դադարեցվում կամ կրճատվում են այդպիսի ֆինանսական ծախսերը, իսկ կասկածահարույց կամ չհիմնավորված գործարքների կապակցությամբ տրվում են լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու հանձնարարություններ:

Պետք է հրաժարվել ամեն քայլափոխի պետական բյուջեն ծանրաբեռնելու մոտեցումից եւ պետական ծրագրերը կառուցելիս պետական միջոցները դիտարկել բացառապես որպես խթանիչ, օժանդակող գործիք:

Սոցիալական աջակցության ծրագրերը պետք է իրագործել այնպես, որ դրանից օգտվեն իրական շահառուները, իրականում սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիները», — նշել է Ներսիսյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print