Երեւանի ավագանին դեռ անցյալ տարվա հոկտեմբերին որոշում էր ընդունել, որով Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտը միանում է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ին, որն ավելի հայտնի է որպես 8-րդ հիվանդանոց։ Այժմ սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը տեղափոխման փուլում է։ Ղեկավար անձնակազմն օրվա մի մասը Պարույր Սեւակի 5 հասցեում է, մյուս մասը՝ 8-րդ հիվանդանոցի շենքում՝ Հրաչյա Ներսիսյան 7-ում։
Նոր բուժմիավորումն անվանել են «Երեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Թե որն է երկու բուժհաստատությունների միավորման նպատակը, ինչով է հիմնավորվում երկու աշխատող հիմնարկների վերակազմավորումը, որը, ինչպես ցանկացած փոփոխություն, գոնե ժամանակավորապես խաթարում է հիմնարկների բնականոն աշխատանքը, որոշման մեջ գրված չէ։ Բժիշկները, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչները դժվարանում են պատճառ նշել, քանի որ գործընթացի շուրջ տեղեկատվություն գրեթե չկա։ «Հավանաբար, երկու շենքերը կիսադատարկ էին, ուզել են լցնել դատարկությունները»,- ասաց սրտաբանականի նախկին աշխատողներից մեկը։
Հարցին, թե ինչ է լինելու սրտաբանության ինստիտուտի շենքի ճակատագիրը, Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից էլ պատասխանում են․ «Այն շարունակելու է գործել որպես «Երեւան» ԲԿ մասնաշենք։ Զուտ իրավաբանական անձինք են միավորվել, իսկ սրտաբանության ինստիտուտի շենքում շարունակվելու են մատուցվել «Երեւան» ԲԿ-ի ծառայությունները»։
Հիշեցնենք, որ նախկինում 8-րդ հիվանդանոցի հետ տարբեր խառը պատմություններ էին կապված։ Այստեղ մի քանի անգամ տնօրեն է փոխվել։ 2019 թվականին, երբ առողջապահության նախարարն էր Արսեն Թորոսյանը, նա, ի թիվս այլ ԲԿ-ների ղեկավարների, նաեւ «Քանաքեռ-Զեյթունի» տնօրենին փոխեց եւ հիվանդանոցը հետ վերցրեց Երվանդ Զախարյանի աղջկանից՝ Գայանե Զախարյանից, որի ընկերությանը քաղաքապետարանը 2010 թվականին այս բուժհիմնարկը հանձնել էր հավատարմագրային կառավարման։ Հին տնօրեն Հայկ Պետրոսյանին փոխարինեց նորը՝ Ավետիս Ավետիսյանը: Այս տարվա հունվարի 5-ին Երեւանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանը «Երեւան» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակեց Սերգեյ Միրզոյանին։ Այժմ արդեն, միավորման մասին որոշումն ընդունելուց հետո, «Երեւան» ԲԿ-ն նոր ղեկավար ունի՝ ժամանակավոր պաշտոնակատար, «Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ նախկին տնօրեն Հովիկ Բալյան։
Ի՞նչ է լինելու աշխատողների հետ, որտե՞ղ են նրանք տեղավորվում, կրճատումներ լինելո՞ւ են, թե՞ ոչ։ Հովիկ Բալյանը մեր հարցերին պատասխանելով ասաց, որ սրտաբանության ինստիտուտի շենքը դատարկվելու է, սակայն կրճատումներ չեն լինելու։ «Հիմնարկներն արդեն միացել են։ Աշխատողները՝ ամեն մեկն իր աշխատասենյակում է։ Այս պահին տեղափոխություններ շենքից շենք չեն լինելու։ Կրճատումներ էլ չեն լինելու, այլ հակառակը՝ հիմնարկը զարգացնելու ենք, նոր ծառայություններ են մատուցվելու, եւ հաստիքներն ավելացնելու ենք՝ կապված զարգացման հետ»,- ասաց նա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում