«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում կառաջադրի Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունը։ Այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Տիկին Մանասյանը, համարում ենք, որ իր մասնագիտական կարողություններով, իր արժեքային համակարգով, սկզբունքներով և անցած ճանապարհով այն թեկնածուն է, որը կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան», – ասաց Կոնջորյանը։
Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կասկածում է նրա անաչառությանը։
«ՄԻՊ պաշտպանի գրասենյակը Հայաստանի Սահմանդրությմաբ նախատեսված անկախ մարմին է, անկախ նշանակում է առաջին հերթին անկախ իշխանությունից ու քաղաքական գործոններից։ Այն թեկնածուն, որին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիրը», մասնագիտական որակների մասին բարձր կարծիք ունեմ, բայց սահմանդրական պահանջը չի բավարարավել», – ասաց Թովմասյանը։
Սահմանադրությամբ Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթությամբ թեկնածուն։
«Նա հանրության շրջանում չունի բարձր հեղինակություն և վստահություն, որովհետև ոչ ոք չի ճանաչում, համենայն դեպս, լայն շրջանակներից նոր մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին, և երկրորդ՝ նա մինչ այժմ աշխատել է, փաստորեն, գլխավոր դատախազի տեղակալ և կատարել գլխավոր դատախազի հրահանգները», – ասաց Թովմասյանը։
Ընդդիմադիր երկու խմբակցությունները դեռ թեկնածու չեն առաջադրել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ազատությանն» ասաց՝ առայժմ որոշում չունեն, քննարկումների փուլում են։
Նշենք, որ մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է խորհրդարանը փակ գաղտնի քվերակությամբ։ Եթե նույնիսկ ընդդիմությունը դեմ լինի այս թեկնածուին, իշխող խմբակցության ձայները բավարար են իրենց թեկնածուին ընտրելու համար։