«Բա ո՞ւմ պիտի ընտրեն». Էդգար Ղազարյանը՝ իր շանսերի մասին

Էդգար Ղազարյանն իր՝ ՄԻՊ ընտրվելու շանսերը գնահատում է 100%։։

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել են քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի թեկնածությունը: 

Radar Armenia-ի հետ զրույցում Էդգար Ղազարյանն ասաց, որ իր թեկնածության առաջադրման նախաձեռնությունը եղել է «Միասին» այլընտրանքային հասարակական- քաղաքական շարժման կողմից։ Ըստ նրա՝ շարժումը դիմել էր ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններին՝ առաջարկելով քննարկել իր թեկնածության առաջադրման հարցը. «Ընդդիմադիր խմբակցությունները, քննարկելով, կայացրել են համատեղ դրական որոշում և առաջադրել իմ թեկնածությունը»,- ասաց Ղազարյանը։

– Ինչպե՞ս եք տեսնում ընդդիմության հետ համագործակցությունն այն բանից հետո, երբ քանիցս արտահայտել եք Ձեր դժգոհությունը նրանց գործողություններից։

– Իմ հնչեցրած բոլոր խոսքերը մշտապես եղել են կառուցողական դիրքերից և գործընկերների հետ աշխատելու, համագործակցելու որևէ խնդիր, այդ իմաստով, չեմ տեսնում։

-Իսկ կկարողանա՞ք անաչառ և անկողմնակալ կատարել ՄԻՊ-ի գործառույթը՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիրների առաջադրած թեկնածուն եք։

– ՄԻՊ-ը հանդես չի գալիս քաղաքական ուժերի, այդ թվում՝ իշխանության կամ ընդդիմության դիրքերից։ Այն հանդես է գալիս մարդու և քաղաքացիների իրավունքների պաշտպանության դիրքերից։ Իսկ ինչ մնում է իմ անաչառությանը, համակողմանիությանը, գործունեության թափանցիկությանը և այլն, կարծում եմ, նրանք, ովքեր ինձ ճանաչում են, ծանոթ են իմ գործունեությանը, երբեք դրանց հակառակին չեն առնչվել։

– Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը։

– Ես կարծում եմ՝ մոտավորապես 100%։ 

– Այսինքն, Ազգային ժողովը 100%-ով Ձե՞զ պիտի ընտրի։

– Բա էլ ու՞մ պիտի ընտրի։ Ազգային ժողովը սահմանադրությամբ պարտավոր է ընտրել ՄԻՊ։ Դա իրենց պարտականությունն է։ Իսկ թե ում պիտի ընտրեն, պարզ է, որ պետք է ընտրեն առնվազն այն թեկնածուին, որը գործող իշխանության համակրանքը չի վայելում։ Որովհետև ՄԻՊ-ի ֆունկցիայի էությունը, այսինքն, այդ ինստիտուտի ֆունկցիան այն է, որ այդ պաշտոնը զբաղեցնող մարդը իշխանության ներկայացուցիչ չհանդիսանա։ Այսինքն, այդ պարագայում, կարծում եմ, ԱԺ մյուս պատգամավորները պարտավոր են հաշվի նստել գոյություն ունեցող երեք խմբակցություններից երկուսի կարծիքի հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print