Դրոշի պահպանման պահանջները չկատարելու դեպքում մինչև 100․000 դրամ տուգանք կսահմանվի

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար։

ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։ Ըստ այդմ, հստակեցվում է ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները։ Մասնավորապես՝ ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանվում է որպես ընդհանուր պահանջ:

Բացի այդ, հստակեցվում է ՎԻՎ օրենսգրքով սահմանված ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, ինչպես նաև առանձնացնել ֆիզիկական, իրավաբանական և պաշտոնատար անձանց կողմից կատարված վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության չափը։

«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված դրոշին ներկայացվող պահանջների հստակությունը և որոշակիությունը, որը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշերից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի արժևորմանը և ՀՀ դրոշի նկատմամբ հարգանքի ձևավորմանը»,-նշված է հիմնավորումների մեջ:

Դրոշի պահպանման պահանջները չկատարելու ֆիզիկական և իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք 70-ից 100.000-ի չափով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով պետական դրոշի համար սահմանված պահանջները պաշտոնյաների կողմից խախտելու դեպքերին, նշել է, թե միայն վարչական պատասխանատվության ենթարկելը բավարար չէ. «Կարծում եմ՝ աշխատանքային օրենսգրքում պետք է փոփոխություններ անենք, որ, օրինակ, եթե պետական պաշտոնյան երկու անգամ նույն դեպքով վարչական պատասխանատվության է ենթարկվել, պետք է հիմք դառնա նրա հետ պայմանագիրը խզելու համար։ Եթե մարդը աշխատում է պետության հետ  և պետության սիմվոլների նկատմամբ հարգանք չունի, այդ մարդու հետագա աշխատանքը նպատակահարմար չէ»։

Անդրադառնալով մասնավորի կողմից դրոշի պահանջների խախտմանը՝ Փաշինյանը նշեց, թե որևէ մեկին կառավարությունը չի պարտադրում դրոշ տեղադրել. «Դա ցանկացած քաղաքացու իրավունքն է։ Բայց եթե քաղաքացին կայացրել է այդ որոշումը, պետք է բարի լինի հետագա խնամքի մասին մտածել։ Չի կարելի որևէ տեղ դրոշ տեղադրել և հետո 10 տարով մոռանալ նրա գոյության ու խնամքի մասին։ Որտեղ կա դրոշ, պետք է համապատասխան պատշաճ վերաբերմունքի արժանանա»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print