Աշխարհում Հայաստանի գլխավոր դաշնակիցներն են Ֆրանսիան և Իրանը․ Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, թե իրանական կողմը երբեք մեղադրանքներ չի ներկայացնում Հայաստանին։ Ընդհակառակը, այս ընթացքում ամրապնդվել է իրանա-հայ եղբայրությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարիի՝ առավոտյան հնչեցրած հայտարարության։ 

Հեյդարին հայտարարել է, որ Կովկասում կան շատ զգայուն հարցեր։ Դրանցից մեկն Ադրբեջանում սիոնիստական ռեժիմի տարրերի առկայությունն է։ Նա նաև նշել է, որ Իրանը հարգում է հարևան երկրների սահմանները և թույլ չի տա, որ դրանք փոխվեն։ 

Ադրբեջանի ՊՆ-ն այս հայտարարությունները զրպարտանք է անվանել։ «Իր անհեթեթ հերյուրանքներում Հեյդարին պնդում է, որ իբր Ադրբեջանում կան սիոնիստական ուժեր, և որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանն օգտագործել է Սիրիայից բերված ահաբեկիչների, որոնք, ըստ նրա, դեռ երկրում են։ Հայտարարում ենք, որ իրանական կողմի մեղադրանքներն Ադրբեջանի տարածքում օտարերկրյա որևէ ուժի առկայության վերաբերյալ անհիմն են և միանգամայն անընդունելի»։ 

 «Իրանական կողմը երբեք մեղադրանքներ չի ներկայացնում Հայաստանին։ Ընդհակառակը, այս ընթացքում ամրապնդվել է իրանա-հայ եղբայրությունը»,- նշել է Ադրբեջանի ՊՆ-ն։

«Այսօր գաղտնիք չէ, որ աշխարհում Հայաստանի գլխավոր դաշնակիցներն են Ֆրանսիան և Իրանը։ Ադրբեջանն աջակցում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը և չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին»,- ասված է հայտարարությունում։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print