Մրցույթը յուրօրինակ հարթակ է ուսուցիչների փորձի փոխանակման և դասավանդման մեթոդների ու լեզվի ուսուցման հմտությունները ցույց տալու համար:
Երևանում «Ռուսկի դոմ» գիտության և մշակույթի ռուսական կենտրոնն ազդարարել է «Հայաստանում ռուսերենի լավագույն ուսուցիչ 2023» 14-րդ ազգային մրցույթի մեկնարկի մասին, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։
Այս առիթով «Ռուսկի դոմ» կենտրոնում կայացել է մամուլի ասուլիս, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և նշել, որ մրցույթը յուրօրինակ հարթակ է ուսուցիչների փորձի փոխանակման և դասավանդման մեթոդների ու լեզվի ուսուցման հմտությունները ցույց տալու համար:
«Կարևոր է այն հանգամանքը, որ 2022 թվականի հաղթողը մարզային դպրոցի ներկայացուցիչ է, ինչը ցույց է տալիս, որ մարզերում ռուսերենի ուսուցման մակարդակը չի զիջում մայրաքաղաքին: Հատկանշական է նաև, որ աշակերտները ևս ոգևորված են՝ մասնակցելու ռուսերենով իրականացվող տարբեր միջոցառումների»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Փոխնախարարի գնահատմամբ՝ կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող տարաբնույթ սեմինարներն ու դասընթացները նպաստում են ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների՝ դասավանդման մեթոդների բարելավմանն ու որակավորման բարձրացմանը:
2022 թվականի հաղթողը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սիլվա Ամրազյանն է: Նա նշել է, որ թեև մրցույթը կարող է լարվածություն և անհանգստություն առաջացնել, բայց այն պրոֆեսիոնալ նոր մակարդակի հասնելու ճանապարհ է: Նա կոչ է արել չվախենալ և անպայման մասնակցել ու ցույց տալ լեզվական և մեթոդական կարողությունները՝ վարակելով նաև մյուսներին:
Միջոցառման շրջանակում Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի աշակերտները բեմադրությամբ ներկայացրել են Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» ստեղծագործությունը՝ ռուսերեն թարգմանությամբ:

