Մարտունու Բերդաշեն համայնքում կարտոֆիլի ցանքս է իրականացվել

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում կարտոֆիլի մեծածավալ ցանքս է իրականացվել, «Արցախպրես»-ին տեղեկացրել է համայնքի ղեկավար Գեորգի Պողոսյանը՝ հավելելով, որ Բերդաշենում առաջին անգամ են նման մասշտաբով կարտոֆիլ ցանում:

«Բարեգործական ծրագրով մեկ ընտանիքին տրամադրվել է 6 կիլոգրամ սերմ։ Բացի այդ գյուղացիներն օգտվել են նաեւ համապատասխան պետական աջակցության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերից։ Բավականին ծավալուն ցանքս է իրականացվել տնամերձ հողամասերում»,- մանրամասնել է համայնքապետը։

Նրա խոսքով համայնքի վարելահողերը հիմնականում արտեզյան ջրերով են ոռոգվում, սակայն էլեկտրամատակարարման անջատումների ժամանակ խնդիրներ են առաջանում։ Ըստ մեր զրուցակցի համայնքի վարելահողերի միայն 12-13 տոկոսն է ոռոգվում։

«Եթե ավելացնենք արտեզյան ջրհորները, ապա հնարավոր է այնքան բերք ստանալ, որ կկարողանանք նույնիսկ արտահանել»,- համոզված է Գ. Պողոսյանը։ Նա գոհունակությամբ նշել է, որ 2022 թվականին ժամանակակից չափանիշներին համապատասխան ջրամբար է կառուցվել, որի շնորհիվ գյուղի տարածքում մոտ 200 հեկտար ինտենսիվ այգի է հիմնվում։

«Այս պահին արդեն տնկել եւ մշակում ենք՝ արքայախնձորի, արքայանարնջի ու նռան ծառեր»,- ասել է Բերդաշենի համայնքապետը` նշելով , որ շարունակվում է գարնանանացանը , որի շրջանակներում բերդաշենցիները կտավատի, հնդկաձավարի, եգիպտացորենի ցանքս են կատարում։ Բացի այդ, արդեն նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերի մասնավորապես վարունգի, ձմերուկի եւ սոխի սերմերն են հողին պահ տվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print