Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել խաչքարերին և գերեզմաններին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հակահայկական քաղաքականության զոհերի հիշատակին:
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել խաչքարերին և գերեզմաններին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հակահայկական քաղաքականության զոհերի հիշատակին:
Պարոն Լորան Վոքիեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Պարոն Լորան Վոքիեն շեշտել է, որ հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և որ Ֆրանսիան պետք է անի ամեն ինչ թույլ չտալու ևս մեկ ցեղասպանություն հայերի նկատմամբ: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել պարոն Վոքիեին Հայաստանի կողքին լինելու համար, և նշել, որ 2020 թ. Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի ղեկավարի աջակցությամբ լույս տեսած «Հոշոտված Հայաստան». Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ֆրանսերեն հրատարակությամբ սկիզբ առած համագործակցությունը շարունակական կլինի և առաջիկայում համատեղ նորանոր ծրագրեր կիրականացնեն:
Այցի ավարտին Լորան Վոքիեն Հիշողության պուրակում ջրել է 2019 թ. իր տնկած արծաթափայլ եղևնին:
–