Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին բացատրություն է պահանջել Բաքվից Իսրայելի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունների համար։
Ինչպես գրել է Քանաանին իր թվիթերյան միկրոբլոգում, Իսրայելն այլ նպատակ չունի, քան իսլամական աշխարհում տարաձայնություններ ու պառակտում ստեղծելն է, ուստի Իրանն Ադրբեջանին կոչ է անում տեղյակ լինել «հանցավոր Սիոնիստական ռեժիմի» իրական մտադրություններին։
Քանանին նշել է, որ իրանական կողմն Ադրբեջանի կառավարությանը խնդրել է մեկնաբանել Իսրայելի ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի հետ «Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու» համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունները, սակայն Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խուսափել է պատասխանից և Իրանի հասցեին նոր մեղադրանքներ է հնչեցրել։
Նա նաև հավելել է, որ այս պարագայում Ադրբեջանի շարունակական լռությունը փաստում է, որ Բաքուն անուղղակիորեն հավանություն է տվել իր ռազմավարական գործընկերոջ հայտարարություններին։