Այս տարվանից ուժի մեջ մտած՝ բուհական ընդունելության միասնական քննությունների նոր կարգը, որով ավարտական դասարանների աշակերտները հնարավորություն են ստանում քննություն հանձնել երկու անգամ (առաջին փուլը սկսվում է հունվարին, երկրորդը՝ հունիսին) ունի մեկ բացասական կողմ. առաջին փուլի քննությունները հաջողությամբ հանձնած եւ անցողիկ միավորներ հավաքած աշակերտները զրկվում են հաջորդ կիսամյակում դպրոցական ծրագրով սովորելու մոտիվացիայից։
NEWS.am–ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երևանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Քրիստինե Սարյանը։
«Նոր կարգն արդյունավետ է այնքանով, որ աշակերտներին տալիս ենք հնարավորություն, բայց այստեղ մի ուրիշ բան էլ կա. այն երեխաները, որոնք ունեն բարձր բալեր, հաղթահարել են անցողիկ շեմը, նրանց համար ձանձրալի կլինի, որովհետև նրանք ընտրել են այդ առարկաները, բայց իրենք արդեն համարվում են ընդունված, նրանց մնում է ատեստատ ստանալ, իսկ երկրորդ կիսամյակը կրկնություն է, էլ իմաստ չկա կրկնել, նրանք արդեն հաղթահարել են»,– ասաց տնօրենը։
Թիվ 2 ավագ դպրոցի ավարտական դասարանների 120 աշակերտների կեսից ավելին մասնակցել են հունվարին կայացած քննությունների առաջին փուլին, բոլորը հաղթահարել են անցողիկի շեմը։ Ամենամեծ թվով դիմորդները այս դպրոցում անգլերեն առարկայից են եղել, ապա՝ մաթեմատիկայից և հայոց լեզվից։ Ամենաքիչը դիմել են բնագիտական առարկաների համար՝ ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրության դիմորդ ընդհանրապես չի եղել։ Դիմորդները հիմանականում բարձր են ստացել անգլերեն և հայոց պատմություն առարկաներից։
Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի փոխտնօրեն Թամարա Օհանյանը, ընդհակառակը, կարծում է՝ նոր կարգը արդյունավետ է այնքանով, որ երկրորդ փուլում երեխաները հոգեբանական պահը լրիվ հաղթահարած կգնան քննության։
Այս դպրոցում ավարտական դասարանների 174 աշակերտներից 33-ն են մասնակցել առաջին փուլին, 23–ը հաղթահարել են անցողիկ շեմը։ Ամենամեծ թվով դիմորդները կրկին անգլերենից են եղել։ Ամենաշատը ցածր միավորներ ստացել են մաթեմատիկայից, ամենաբարձր միավորները ստացել են պատմություն և անգլերեն առարկաներից։
Նախորդ տարվա հունիսին կայացած քննությունների համեմատ՝ միավորները ցածր են եղել, ինչը փոխտնօրենը բնական է համարում։
«Այո, տարբերվում են այնքանով, որ մինչեւ ուսումնական տարվա վերջ աշակերտները 4֊5 ամիս դպրոցում ավելի են պարապում։ Խոսքը դասապրոցեսի մասին է, որովհետև 2-րդ կիսամյակում ամբողջությամբ շտեմարանային աշխատանքներ են տարվում այդ առարկաներից։ Ժամանակի խնդիրն է, որ ավելի շատ ժամանակ են հատկացնում իրենց առարկաներին»,– ասաց նա։
Հունվարին կայացած միասնական քննություններն մասնակցած՝ թիվ 114 ավագ դպրոցի աշակերտուհի Մարիամ Տեպանոսյանը անցողիկ միավորներ է հավաքել երկու առարկաներից։
«Հայոց պատմությունից հավաքել եմ 17 միավոր, անգլերենից՝ 19, ընդհանուր՝ 36 միավոր։ Միավորները բավարար են իմ նախընտրած՝ Արեւելագիտության ֆակուլտետ ընդունվելու համար։ Չեմ պատրաստվում մասնակցել երկրորդ փուլին»,– ասաց Մարիամը։
Մարիամը մասնավոր պարապունքների հաճախել է, նրա կարծիքով, դպրոցը օգնում է, բայց բարձր միավորների համար պետք է լրացուցիչ պարապել, հատկապես եթե ուզում ես արդեն հունվարին բարձր միավորներ ստանալ։
«Կարծում եմ՝ մինչև հունվար քիչ է ժամանակը, ինձ թվում է, եթե դպրոցի գիտելիքների վրա հիմնվենք, պետք է մինչև հունիս սպասենք, որպեսզի ավելի լավ արդյունք գրանցենք։ Հիմնականում հունվարին չմասնակցած աշակերտները կամ կուրսը ավարտած չեն եղել, կամ պարզապես ցանկացել են ավելի շատ ժամանակ տրամադրել իրենց քննական առարկաներին»,– ասաց Մարիամը։
Մարիամը համաձայն չէ, որ հունվարին քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո դպրոց հաճախելն այլեւս հետաքրքիր չի լինելու։ Նրա կարծիքով՝ հունվարին միասնական քննություններ հանձնելը շատ լավ հնարավորություն է դիմորդների համար, որպեսզի նրանք, ովքեր անցողիկ միավորներ են ստացել, հետո մնացած վեց ամիսը զբաղվեն այլ հետաքրքրություններով։
Կրթական հարցերի փորձագետ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ մասնավորապես «Հայոց պատմություն» առարկայից լավագույն արդյունքներ գրանցելու համար մինչև հունվար ժամանակը բավարար չէ. շտեմարանները ծավալուն են, դրանցում ներառված հարցերը պահանջում են շատ մեծ ինֆորմացիա անգիր անել։