Սմարթֆոն հեռախոս, զինվորական համազգեստով հավաքների մասնակցություն. արգելքներ զինծառայողների համար

Պաշտպանության նախարարությունը առաջարկում է մի շարք արգելքներ  սահմանել զինծառայողների համար։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

 «Ըստ նախագծի,  զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են նաև ծառայության կրման ցանկացած վայրում սմարտֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքը, բացառությամբ պետական լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերի, զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող այլ միջոցառման մասնակցման արգելքը, անհատական կամ կոլեկտիվ ձևաչափով ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ ունեցող կոչեր կամ հայտարարություններ հրապարակային հնչեցնելու արգելքը, համացանցով և զանգվածային լրատվությամբ կամ հանրային հասանելիության այլ միջոցներով զինված ուժերի գործունեության կամ տեղակայման կամ իր կամ այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ կամ տեսանյութեր կամ լուսանկարներ տարածելու արգելքը` բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումների, առանց իրավասու վերադաս հրամանատարին (պետին) գրավոր տեղեկացնելու` դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից»,-  ներկայացրեց Սարգսյանը։

Բացի այդ, ըստ նախարարի տեղակալի, բոլոր կազմերի պայմանագրային զինծառայողների համար սահմանվում է սահմանային տարիքը լրանալուց հետո մինչև 10 տարի ժամկետով ծառայությունը երկարացնելու հնարավորություն, մեկական տարով, ինչպես նաև ավագ և բարձագույն սպայական կազմի նախկին զինծառայողների համար սահմանվում է երկարաձգված ծառայության ժամկետի ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությանը ներգրավելու հնարավորություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print