ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, որ ձերբակալվել էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար, ազատ արձակվելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին՝ ներկայացնելով որոշ մանրամասներ։
Նրա խոսքով՝ աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ ագրեսիվ վարքագիծ է դրսևորել. «Հերթական անգամ նման վարքագիծ դրսևորելու ժամանակ փորձեցի նրան սաստել, նկատողություն անել՝ պահանջելով, որ հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորներին։ Դրանից նա ավելի ոգևորվեց, կանգնեց նստած տեղից, քայլեց դեպի ինձ, ասաց, թե ում վրա ուզի՝ կարող է գոռալ։ Այդ պահին, երբ մոտենում էր ինձ, հաշվի առնելով իշխանական պատգամավորների, նույն Վլադիմիր Վարդանյանի վարքագիծը, որ թույլ է տվել իրեն՝ հարվածել ընդդիմադիր պատգամավորի, դիմեցի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի իրեն»։
Նա պնդել է, որ հարվածել է ձեռքով, որից հետո ձեռքը կոտրվել է. «Չցանկանալով, որ վեճը տարածվի, ընդլայնվի, հեռացել եմ նիստերի դահլիճից և գնացել մեր փորձագետների սենյակ»։
Պատգամավորը վստահեցրել է, որ ինքը դիմել է անհրաժեշտ պաշտպանության. «Եթե վարույթ իրականացնող մարմինը կգնահատի, որ անցել եմ այդ սահմանը, պատրաստ եմ պատասխան տալ»։