Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հույս է հայտնել, որ Մոսկվայի «միջնորդական առաքելությունը»՝ ուղղված սիրիա-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հաջողությամբ կանցնի:
Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները։
«Քառակողմ հանդիպման օրակարգում են լինելու սիրիական կարգավորմանն ուղղված քաղաքական պրոցեսները, սիրիացի փախստականներին վերաբերող հարցերն, ինչպես նաև փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Սիրիային հատկացվող մարդասիրական օգնության ծավալների մեծացումը», – Նյու Յորքում, լրագրողների հետ զրույցի ընթացքում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Հանդիպումն առավելապես տեխնիկական բնույթ է կրելու և թույլ է տալու կողմերին անցնել չորս երկրների արտգործնախարարների հանդիպման նախապատրաստմանը», – հաղորդում է Ռուսաստանի պետական ТАСС լրատվական գործակալությունը։