Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով անցած շաբաթվա վերջին Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի ունեցած իրադարձություններին։
Ռուբինյանը հիշեցրեց՝ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհն էր գործում, մինչև Կոռնիձորի մոտով անցնող նոր ճանապարհը պատրաստ կլիներ։ Ապրիլի 1-ից այլընտրանքային ճանապարհը դադարեց գործել և գործարկվեց նոր ճանապարհը, և քանի որ, ինչպես ԱԺ փոխնախագահն ասաց, այլընտրանքային ճանապարհը մինչ այս ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո էր, սահմանի Տեղ-Կոռնիձոր հատվածում ո՛չ Հայաստանի Հանրապետության կողմից, ո՛չ մյուս կողմից դիրքեր չկային և այդտեղ, բնականաբար, դիրքերի անհրաժեշտություն առաջացավ։
Ռուբինյանը նշեց՝ կար պայմանավորվածություն, որ դրա մի հատվածում երկու կողմերից սահմանապահներ պետք է լինեն, սակայն ի հայտ եկան տարընթերցումներ, որի արդյունքում Ադրբեջանի ներկայացուցիչները հինգ կետում 300-ից 500 մետր ավելի առաջ են տեղակայվել։
Վկայակոչելով ԱԱԾ հաղորդագրությունը՝ Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի համապատասխան կառույցի ներկայացուցիչներն այդ հատվածում հանդիպել են, որի արդյունքում վիճակն էականորեն բարելավվել է՝ դիրքային կամ տեղակայման առումով։ Ըստ Ռուբինյանի՝ աշխատանքները շարունակվելու են։