«Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ն այս տարվա առաջին ծրագիրն է իրականացրել Սյունիքի մարզում։ «Կապան համայնքում եկամուտ ստեղծելու հնարավորությունների խթանում՝ երիտասարդների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի նպատակն էր կազմակերպել ձեռնարկատիրական դասընթացներ և խթանել Սյունիքի մարզի Կապան և Քաջարան համայնքների երիտասարդների բիզնեսների զարգացումը, ինչպես նաև նպաստել հեռավոր բնակավայրերում եկամուտ ստեղծելու այլընտրանքային հնարավորությունների զարգացմանը:
Օրերս Կապանում կայացավ ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որի արդյունքում հանձնաժողովի անդամները քվեարկությամբ ընտրեցին լավագույն 4 բիզնես-ծրագրերը։ Հանձնաժողովի կազմում էին «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի գյուղատնտեսական և տնտեսական զարգացման ծրագրերի համակարգող Արմեն Զաքարյանը, «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ի համահիմնադիր- նախագահ Տիգրան Ավագյանը, Կապանի համայնքապետարանի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյանը։
Հաղթողներին տրամադրվել է ընդհանուր 1 000 000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն։ Նախագծի համաձայն՝ ծրագրի հեղինակները պետք է ստացած դրամաշնորհի 30%-ի չափով համաֆինանսավորում իրականացնեն:
Ստորև ներկայացնում ենք լավագույն 4 բիզնես-ծրագրերը
- Շուշանիկ Գոգջյան, բիզնես-ծրագրի անվանումը՝ «Բուժական կոսմետոլոգիական ծառայություն» (450 000 ՀՀ դրամ)
- Մանե Արզումանյան, բիզնես-ծրագրի անվանումը՝ «Manane fashionhouse» (200 000 ՀՀ դրամ)
- Ռամելա Մարության, բիզնես-ծրագրի անվանումը՝ «Հագուստի մոդելավորում» (200 000 ՀՀ դրամ)
- Էրիկ Ներսեսյան, բիզնես-ծրագրի անվամումը՝ «Փայտամշակում» (150 000 ՀՀ դրամ)
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Ավելի վաղ մեր նկարահանող խումբն անդրադարձել էր նախագծին։





