Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նոր ներկայացուցիչ Բիկ Լումին, գրում են տեղական լրատվամիջոցները։
Հանդիպմանը Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը վճռական է տրամադրված Ղարաբաղում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիներին հասարակությանը վերաինտեգրելու հարցում։ Բացի այդ նա, ինչպես միշտ, կեղծիքներ է հնչեցրել Հայաստանի վերաբերյալ։
«Նշվել է, որ չնայած Ադրբեջանի խաղաղ նախաձեռնություններին, Հայաստանը շարունակում է ռազմաքաղաքական սադրանքները։ Ընդգծվել է միջազգային կազմակերպություններին սեփական նպատակների համար օգտագործելու՝ հայկական կողմի փորձերի անընդունելիությունը, որոնց առաքելությունները թույլ չեն տրվել Ղարաբաղում օկուպացիայի տարիներին»,-ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Այս ամենով պաշտոնական Բաքուն ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախ միջազգային կազմակերպությունների մուտքի խոչընդոտման քաղաքականությունը շարունակելու է։