Շուշիում աշխատող ադրբեջանցի մի խումբ բժիշկներ ադրբեջանական լրատվամիջոցներին մանրամասներ են պատմել երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպից։
Հիշեցնենք՝ երեկ ռուս խաղաղապահները փորձում էին տուն վերադարձնել Արցախի մի խումբ քաղաքացիների, սակայն ճանապարհը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստներն» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
«Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է չորս կանանց ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահներն ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը, և չորս քաղաքացիները տեղափոխվել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն»,- հաղորդել է Արցախի ներքին գործերի նախարարությունը՝ առանց այլ մանրամասներ հայտնելու։
Շուշիի հիվանդանոցում աշխատող բժիշկ Վիլադ Ալիևն APA գործակալության հետ զրույցում պատմել է, որ իր գլխավորած թիմն է առաջին բուժօգնությունը ցուցաբերել արցախցի կանանց, ապա նրանց տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց։
«Ճանապարհին ինքնազգացողությունը վատացած հայերին առաջին բուժօգնություն ցուցաբերեցինք և տեղափոխեցինք Խանքենդիի {ադրբեջանցիներն այդպես են անվանում Ստեփանակերտը. – խմբ.} հիվանդանոց», – բժիշկ ներկայացող Ալիևի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։ Ադրբեջանցու խոսքով՝ Ստեփանակերտի հիվանդանոցում իրենց «շատ լավ են ընդունել»։