Պետական եկամուտների կոմիտեն նախապատրաստվում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետի վերագործարկմանը՝ երրորդ երկրի և դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը`պատասխանելով հարցին, թե որ փուլում են Հայաստան–Թուրքիա սահմանի բացման աշխատանքները։
«Մենք հիմա այլ պետական մարմինների հետ նախապատրաստվում ենք, որպեսզի հնարավորինս արագ, եթե վերջնական որոշումը կայացվի, սահմանային կետը գործի։ Այսինքն իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ մաքսային ընթացակարգերը սահուն կիրառելու համար»,–ասաց Բադասյանը։