Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 376 կմ հատվածում բախվել են PAZ մակնիշի մարդատար ավտոբուսն ու VAZ 2121 մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեղրու» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
Վիրավորներից 2-ին ավտոբուսի միջից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Վթարի հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։







