Ազգային ժողովն այսօր սկսում է հերթական քառօրյան։ Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 24 հարց:
Պատգամավորներն առաջինը կքննարկեն ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցը։ Իշխանության ներկայացրած թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է։ Ընդդիմությունը ևս թեկնածու էր ներկայացրել, սակայն Էդգար Ղազարյանի թեկնածությանը պատգամավորները դեմ քվեարկեցին դեռ հանձնաժողովի նիստում և նրա թեկնածությունը լիագումար նիստում չի քննարկվի։
Հաջորդ հարցն արդեն ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է Ազգային ժողովին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Վարդապետյանը Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել։
Հիշեցնենք՝ մարտի 31-ին Ազգային ժողովում փակ քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ Ընդդիմադիր պատգամավորը հարվածել էր Վլադիմիր Վարդանյանին՝ պատճառելով հոնքի վնասվածք։ Մհեր Սահակյանի պնդմամբ՝ ինքը պարզապես դիմել է ինքնապաշտպանության։ Դեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության, ինչպես նաև՝ քաղաքական կամ հասարակական գործունեությամբ պայմանավորված անձի նկատմամբ ֆիզիկական ներգործության հոդվածներով։ Ներկայացված միջնորդագրով գլխավոր դատախազը ակնկալում է պատգամավորների համաձայնությունը Մհեր Սահակյանի նկատմամբ խուլիգանության և խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։