Նշվում է, որ հեռուստաընկերությունների հեռարձակումը դադարեցվում է կուտակված պարտքերի պատճառով։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից մեկնաբանել են շրջանառվող լուրերը, թե Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը (ՀՀՌՑ) առաջիկայում պատրաստվում է դադարեցնել որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ Գարիկ Հայրապետյանն ընդգծեց, որ համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները: «Պայմանագրային պարտավորությունները չկատարելու արդյունքում մի շարք հեռուստաընկերություններ կուտակել են պարտքեր։ Վերջին շրջանում մենք փորձել ենք բանակցությունների միջոցով կարգավորել այդ հարցը: Արդյունքում, որոշ հեռուստաընկերություններ մարել են կուտակված պարտքերն ամբողջությամբ, իսկ որոշներն էլ՝ մասամբ: Այնուամենայնիվ, համաձայն պայմանագրի մենք նախատեսում ենք մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես՝ առաջին անգամ 2 ժամով դադարեցնել»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ այդ հեռուստաընկերություններն են «Շանթ»-ը, ATV-ն, Freenews-ը, «Դար 21»-ը և «Ֆորտունա»-ն:
Անդրադառնալով այս գործընթացին քաղաքական ենթատեքստ տալու փորձերին՝ Գարիկ Հայրապետյանն ընդգծեց, որ այս իրավիճակը հեռուստաընկերությունների կողմից զուտ պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանք է։ «Այս գործընթացը եթերային բովանդակության հետ որևէ կապ չունի, և անջատման ենթակա հեռուստաընկերությունների ցանկը դրա վկայությունն է»,- նշեց նա։