Այս հարցում ևս բախվում են տարածաշրջանային խոշոր խաղացողների շահերը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Վերջին շրջանում ակտիվացել են Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման շուրջ քննարկումները, որը հայտնի է նաև «Միջին միջանցք» անվանումով։ Թուրքիան ու Ադրբեջանն այդ թեման սկսել են անպայմանորեն կապել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ, որպեսզի մյուս երկրներին ևս շահագրգռեն այդ հարցում։ Նշենք, որ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովի ջրատարածքով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով և Սև ծովով՝ դեպի եվրոպական երկրներ։

Ճիշտ է, «Միջին միջանցք» բացվել է դեռ 2017 թվականին, բայց այն չի հասել իր տրանսպորտային բացառիկ նշանակությանը։ Ուստի, Թուրքիան ու Ադրբեջանը ջանք ու եռանդ չեն խնայում ցույց տալու համար, թե «Միջին միջանցքի» միջոցով կարող են Արևմուտքի համար Ռուսաստանը և Իրանը շրջանցող ուղի ապահովել ապրանքափոխանակության և էներգակիրների արտահանման ուղղությամբ։ Պատահական չէ, որ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարաման Բաքվում հայտարարեց, թե իրենք աջակցում են «Միջին միջանցքի» գաղափարին։

Դրան զուգահեռ, ուշագրավ է, որ Ղազախստանն ու Ադրբեջանն արդեն բանակցում են ղազախական նավթն Ադրբեջանի տարածքով՝ Բաքու-Սուփսա խողովակաշարով տեղափոխելու շուրջ։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են շահագրգռել Չինաստանին, թե «Միջին միջանցքի» գործարկումը կարող է Չինաստանը Եվրոպային կապող այլընտրանքային ուղի դառնալ ու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական խոշոր ծրագրի մաս կազմել։ Այդպիսով Միջին Ասիայով անցնող տրանսպորտային ուղին կնվազեցնի Չինաստանի կախվածությունը Ռուսաստանով անցնող ցամաքային և Մալակկայի նեղուցով անցնող ծովային ճանապարհներից։

Վրաստանի վարչապետը հայտարարել էր, թե իրենք «Միջին միջանցքի» նախագծի մաս են կազմելու, բայց հետաքրքրականն այն է, որ թուրքական ծրագրերի մեջ մտնում է կոնկրետ Սյունիքով իրենց վերահսկողության տակ գտնվող «միջանցքի» ուղին, որը ճանապարհ կբացի դեպի պանթուրքական ծրագրերի իրականացում և, ի վերջո, կարող է դառնալ հենց պանթուրքական միջանցք։ Բայց «Միջին միջանցքի» գործարկումն առաջին հերթին ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ Չինաստանը և Միջին Ասիան Եվրոպային կապող նոր ուղի է ստեղծվում, որը շրջանցում է Ռուսաստանի տարածքը ու նվազեցնում մատակարարման շղթաներում ռուսական պետության նշանակությունը։ Բացի դրանից, հետագայում պանթուրքական ծրագրերի առաջխաղացման պարագայում Ռուսաստանը Հարավային Կովկասում և Միջին Ասիայում իր ազդեցությունը պահելու խնդիր է ունենալու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print