ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության օրը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր էմոցիոնալ արձագանքը համարումէ հայ ժողովրդի հասցեին հնչած վիրավորանքի պատասխան։ Այս մասին Հովհաննիսյանն ասաց արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, թե ինչպես է գնահատում իր պահվածքն այդ նիստում, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա նշեց, թե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրել էին մի մարդու (Էդգար Ղազարյան– խմբ.), ով տարբեր ժամանակներում «անվանարկել է ՀՀ ժողովրդին»: ՔՊ-ականն այդ օրը նաև անվանեց «շատ վատ օր»։
«Այո՛, իրականում պետք է չտրվել սադրանքներին, չտրվել էմոցիաներին, լինել զուսպ, հավասարակշիռ, բայց յուրաքանչյուր դրվագ պետք է չդիտարկել բացառապես նեղ պրիզմայով, այլ թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ ու հետո և ինչ գործողությունների հաջորդականության մեջ է այդ ամենը տեղի ունեցել»,- նշեց Հովհաննիսյանը։
Իշխանական պատգամավորը նաև շեշտեց, որ ընդդիմության առաջադրած ՄԻՊ թեկնածուն հայ ժողովրդին անվանարկել է նաև հանձնաժողովի նիստի ժամանակ և, իր կարծիքով, այդ ամենը նախօրոք շատ գրագետ կամ մի քիչ ոչ գրագետ կազմակերպված գործընթաց էր, որը ղեկավարվում էր հանձնաժողովի նախագահի կողմից:
Արթուր Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ թույլ չի տա որևէ մեկին 2018 թվականի հեղափոխությունն անվանել ադրբեջանա-թուրքական:
Նշենք, որ ապրիլի 4–ին կայացած Ազգային ժողվում մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում է ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ հարցը, անցել է բավականին լարված մթնոլորտում և ՔՊ–ականների և ընդդիմադիր ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև փոխադարձ վիրավորանքների ուղեկցությամբ։ Մասնավորապես վիրավորանքների տարափով աչքի է ընկել իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Թեժ քննարկումից հետո ՄԻՊ պաշտպանի պաշտոնում հաստատվեց ՔՊ–ի առաջադրած Անահիտ Մանասյանի թեկնածությունը։