Սա քաղաքական հանդիպում չի լինելու, Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի կողմից Բաքվին ուղղված հանդիպման առաջարկին։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, որ Արցախի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։
«Արցախի շրջափակման 121-րդ օրն է, հումանիտար մի շարք խնդիրներ ունենք, որոնց լուծման համար անհրաժեշտ է այդ հանդիպումը. Լաչինի միջանցքի, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, սննդի և այլ հարցերի քննարկում ենք նախատեսում այդ հանդիպման օրակարգում»,- մանրամասնեց Բաբայանը։
Հարցին՝ ադրբեջանական կողմն արդեն արձագանքե՞լ է հանդիպման առաջարկին, ԱՀ նախագահի խորհրդականը ոչ միանշանակ պատասխան տվեց. «Այս պահին ոչինչ ասել չեմ կարող, հետագա մանրամասների մասին կրկին հաղորդագրություն կտարածենք»։